Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովության ծրագրին կհատկացվի լրացուցիչ 500 մլն դրամ. Թորոսյան

Կառավարության հոկտեմբերի 8-ի նիստին աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է 2020 թվականի մայիսի 14-ի որոշմամբ հաստատված երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրին հավելյալ 500 մլն դրամ հատկացնելու որոշման նախագիծը:

«Անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ծրագրի դիմելիությունը բավականին ակտիվ է, բարձր է:

Այս տարի ունեինք պլանավորված 2,4 մլրդ դրամ այս ծրագրի համար, բայց կանխատեսելով դիմումները՝ մինչև տարեվերջ մեզ անհրաժեշտ է լինելու ևս 500 մլն դրամ»,- ասել է նա:

Արսեն Թորոսյանը ներկայացրել է նաև ծրագրի ընդհանուր վիճակագրությունը՝ նշելով, որ մեկնարկից ի վեր աջակցություն է տրամադրվել 17 հազար 609 շահառուի։ Աջակցությունը տրամադրվել է երեխա ունենալու, ինչպես նաև մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակարան կառուցելու դեպքում։

Ծրագրի շրջանակում տրամադրված աջակցության ընդհանուր գումարը կազմել է 13,2 մլրդ դրամ։ Ծրագիրն ընդունվել է 2020 թվականի մայիսին և նախատեսվում է ավարտել այս տարվա վերջին։

Նշվել է, որ արդեն շրջանառվում է նոր ծրագիր, որը շուտով կներկայացվի կառավարության քննարկմանը։ Այն հիմնված կլինի գործող ծրագրի տրամաբանության վրա, սակայն կներառի որոշակի փոփոխություններ, որոնք առանձնացվել են ծրագրի մշտադիտարկման արդյունքում։

«Սա կարևոր ծրագիր է ժողովրդագրական խնդիրների լուծման տեսանկյունից»,- ասել է Արսեն Թորոսյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ 2026 թվականին ծրագրի շրջանակում փոխհատուցում է տրամադրվել 2425 շահառուի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ