![]()
Կառավարությունը հաստատել է 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություն կատարելու և 8.9 մլրդ դրամի վերաբաշխում կատարելու մասին Կառավարության որոշման նախագիծը։
«Նախագծով նախատեսվում է իրականացնել այն ճանապարհների միջին նորոգումը, որոնց ընդհանուր երկարությունը 176.1 կմ է։ Ամբողջ ծավալից 113.2 կմ-ը միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ են, 33.6 կմ-ը՝ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ, իսկ 29.3 կմ-ը՝ մարզային նշանակության ճանապարհներ»,- ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Բոլորը միջին նորոգման են ենթարկվում»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և թվարկել ճանապարհները։
«Մեր հիմնական կենտրոնացումը որակն է, որովհետև ճանապարհների կառուցմանը զուգահեռ մենք պետք է անընդհատ և շարունակաբար տեսնենք որակի բարձրացում, և գիտեմ, որ նախարարությունն այս ուղղությամբ աշխատանքներ է իրականացրել։ Համապատասխան տեխնիկա ենք ձեռք բերում, որպեսզի ինքներս վստահ լինենք, որ որակի վերահսկողության պատշաճ կարողություններ ունենք»,- ասել է Փաշինյանը։
«Մենք արդեն այս տարվա ընթացքում 230 մլն դրամի սարքավորումներ ենք ձեռք բերել՝ լաբորատորիայի կարողությունները լավարկելու շրջանակում։ Սարքավորումներից մի քանիսը, որոնք կուզենայի նշել, հետևյալներն են՝ բիտումի ծերացման վառարանը, լուծելիության չափիչ սարքը, բիտումում պարաֆինի որոշման սարքը։ Սրանք հետազոտություններ են, որոնք հնարավորություն են տալիս իրականում ստուգել ասֆալտի որակը՝ նաև այլ բաղադրություններով, ինչը կապահովի ճանապարհի երկարակեցությունը»,- նշել է ՏԿԵ նախարարը։
![]()