Ձեր արձագանքի արդյունքում Հայաստան-Ադրբեջան սահմանին լրջագույն փոխհրաձգություններ էին լինելու, էս ինչ լացուկոծ է. Փաշինյանը՝ ընդդիմությանը

«2026 թվականի ապրիլին, մայիսին մենք ասում էինք, որ եթե ընտրությունների արդյունքում ՔՊ-ն մեծամասնություն չձևավորի, սեպտեմբերին լինելու է պատերազմ: Հիմա, երբ տեսնում եմ ձեր արձագանքները տարբեր իրավիճակներին և պատկերացնում եմ, որ դուք ընտրությունների ժամանակ հաղթած լինեիք, այս իրավիճակում վերջին մեկ ամսվա ընթացքում առնվազն երեք դեպք եմ տեսել, երբ ձեր արձագանքները վերլուծել եմ և հասկացել եմ, որ դրա արդյունքում առնվազն լուրջ էսկալացիաներ էին տեղի ունենալու»,-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով Շաքիում տեղի ունեցած դեպքին ընդդիմության արձագանքին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դիմելով ընդդիմությանը՝ Փաշինյանը նշեց. «Եթե հիմա դուք իշխանության կարգավիճակում արձագանքեիք կոնկրետ Շաքիի դեպքի հետ կապված, հիմա ձեր արձագանքի արդյունքում Հայաստան-Ադրբեջան սահմանին լրջագույն փոխհրաձգություններ էին լինելու: Այդ ձեր քամահրանքը խաղաղության նկատմամբ, ես չեք պատկերացնի՝ ինչքան շնորհակալ եմ, շարունակեք, դուք ընդամենն իրականության մեջ հաստատում եք մեր թեզերը: Աշխարհում չի եղել և չի լինելու որևէ մի սահման՝ նույնիսկ ռազմաճակատի գիծ, որտեղ մի հոգին չկարողանա անցնել դառնալ: Մեր պաշտպանության կառուցվածքը նրա մասին է, որ հայտնաբերի և կասեցնի ռազմական օպերացիաները: Էս ինչ լացուկոծ է, չեմ հասկանում»:

Վարչապետի խոսքով՝ ՀՀ-ում տեղի ունեցած քրեական հանցագործությունը պետք է քննվի, ուղարկվի դատարան, դատարանը պետք է վճիռ կայացնի, դա պետք է մտնի օրիանական ուժի մեջ և պատժի կրումը՝ առնվազն մի մասը պետք է տեղի ունենա ՀՀ-ում. «Ես չեմ բացառում և իմ ունեցած տեղեկություններով Ադրբեջանում էլ է քրեական գործ հարուցված այդ փաստի առիթով և Ադրբեջանի դատախազությունն արդեն հաղորդագրություն է տարածել այդ մասին՝ արձանագրելով, որ իրենց զինվորն ինքնակամ լքել է ծառայության վայրը: Իսկ այն, որ դուք աղետալի վիճակում եք գտնվում, դա ակնհայտ է, ընդ որում բոլոր առումներով՝ քաղաքական, սոցիալ-բարոյական և տրամաբանության»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ