![]()
«Սեպտեմբերի 27-ին Թաթայի համերգի հեռարձակումը սխալ է եղել, ինչի համար Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել»։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։
Գործադիր տնօրենը նշել է, որ կատարվածը մեղմելու նպատակ չունի, իրեն էլ համարում է հիմնական պատասխանատուն, նաև նկատել է, որ հիշատակի օրերը միայն Հանրային հեռուստաընկերության համար չեն, ապա հարց է ուղղել համերգի հեռարձակումը քննադատողներին, հատկապես Ազգային ժողովի պատգամավորներին, թե ինչու նրանք հանդես չեն գալիս սեպտեմբերի 27-ը հիշատակի օր սահմանելու օրենսդրական նախաձեռնությամբ:
Մովսիսյանը պատասխանել է նաև այն հարցին, թե արդյոք ներողություն կխնդրեր, եթե հանրային մեծ արձագանք չլիներ:
«Մենք ունեցել ենք մի շարք դեպքեր, երբ տարբեր միջադեպերի մասով հանրային հարցեր են առաջացել (կուզեք՝ աղմուկ կոչեք, ինչպես կուզեք կոչեք), և դրանց մի մասին արձագանքել ենք, մի մասին՝ ոչ, բայց սա այն հարցը չէր, որին մենք չարձագանքեինք:
Մենք ոչ թե սպասեցինք և հաջորդ օրը՝ առավոտյան, արձագանքեցինք, որովհետև հանրային արձագանքը մեծ էր, այլ մենք ինքներս համարում ենք, որ դա սխալ է. սա շատ կարևոր է:
Այնպես չէ, որ Հանրային հեռուստաընկերությունում ճիշտ ենք համարել համերգ հեռարձակել, այն ծրագրել ենք և հիմա փորձում ենք դա արդարացնել. դրա մասին էր նաև մեր հայտարարությունը, որ մենք չենք փորձելու արդարացնել սա: Սա սխալ էր, և մենք տվել ենք դրա անունը»,- ասել է նա:
![]()