Ծառուկյանի շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույք, 33 մեքենա և 40 կազմակերպության բաժնեմաս արգելանքի տակ է առնվել

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում Հակակոռուպցիոն դատարանի տված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում արգելանք է կիրառվել պարտապան Գ․ Ծ․-ին պատկանող շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի, 33 տրանսպորտային միջոցի և 27 տարբեր ընկերություններում առկա բաժնեմասերի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված 40 իրավաբանական կազմակերպությունների բաժնեմասերի և բաժնետոմսերի, ինչպես նաև վերջիններիս պատկանող գույքերի նկատմամբ։

Այս մասին տեղեկացնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:

Արգելանք է կիրառվել նաև Քննչական կոմիտեի՝ Գ․ Ծ․-ի առանձնատանը խուզարկության արդյունքում հայտնաբերած խոշոր չափի դրամական միջոցների և թանկարժեք զարդերի վրա։

Պարտապանին նաև պարտավորեցվել է չկատարել որևէ գործողություն հայտնաբերված և արգելադրված գույքերի ապօրինի տնօրինման ուղղությամբ։

Մեկ այլ կատարողական վարույթի շրջանակում վարույթն իրականացնող հարկադիր կատարողի գործողությունների արդյունքում պարտապան Գ․ Ծ․-ին պատկանող, Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող անշարժ գույքի և շինությունների նկատմամբ արգելվել է կատարել սեփականատիրոջ փոփոխություն, ինչպես նաև նշված գույքի փաստացի վիճակը վատթարացնող ապօրինի որևէ գործողություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ