![]()
Infocom-ի Ctrl Z հաղորդման ժամանակ ՀՀ վարչապետը ի թիվս այլ հարցերի, պատասխանել է նաև ադրբեջանցի զինվորի՝ ՀՀ սահմանը հատելու և Շաքիում հայտնվելու դեպքին։
Վարչապետը պարզաբանել է՝ ինչու տեղաբնակներն իրազեկված չեն եղել այդ փախուստի մասին, որպեսզի առավել զգույշ լինեին։
«Դե գիտեք՝ ունենք սահմանային պաշտպանություն, Ադրբեջանն էլ ունի։ Ադրբեջանի կողմից էլ է անցել, մեր կողմից էլ։ Պետք է հաշվի առնել՝ տեղանքը շատ բարդ է։ Որոնողական աշխատանքներ են տարվել քանի օր՝ երկու կողմից դրոններով, բայց չի հայտնաբերվել, որովհետև տարածքը շատ բարդ է, և այնտեղ հեշտ է պատսպարվել։ Իհարկե, պետք է քննություն արվի՝ մանրամասն հասկանալու համար, թե ինչպես է պատահել, որ անցել է»,– նշեց Փաշինյանը։
Ինչու Շաքիի բնակչությունը տեղյակ չի եղել, որ նման փախուստ է եղել, որպեսզի ավելի պատրաստված լինեն։
«Չի եղել ապացույց կամ որևէ վստահություն, որ այդ զինվորը Հայաստանի տարածք է անցել, որովհետև զինվորներն ինքնակամ լքում են տարածքը։ Առանց որևէ փաստի, որ զինվորը գտնվում է Հայաստանի տարածքում, այդպիսի տեղեկություն տալը կնշանակի, որ կեղծ տեղեկություն ենք տալիս։
Ադրբեջանական կողմը մեզ նախապես տեղեկացրել էր, և որոնողական աշխատանքներ են կատարվել, և դրանց ընթացքում ամեն օր կապի մեջ են եղել Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան ծառայությունները։ Չկար փաստ, որ զինվորն անցել է Հայաստանի տարածք և կարող էր հասնել բնակավայր»,- ասաց վարչապետը։
Վարչապետն ասաց, որ ՀՀ սահմանի երկայնքով շատ խտությամբ տեսադիտարկման համակարգեր կան, բայց եթե թանձր մառախուղ է, այդ տեսադիտարկման համակարգը կարող է չգործել։
Դեպքի պահին եղե՞լ է մառախուղ։
«Հիմա քննություն է գնում այդ թեմայով, կպարզվի։ Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան, թե մոլորվել ու անցել է Հայաստան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտնեց, որ զինվորը դասալիք է, և Ադրբեջանում էլ է քրեական գործ հարուցվել։ «Բայց մեր քրեական գործով ընթացակարգերը տեղի են ունենալու ՀՀ-ում։ Առնվազն ինչ-որ ժամանակ կմնա Հայաստանում և պատիժը կկրի»,– նշեց նա։
Ինչ վերաբերում է ադրբեջանցի զինվորի՝ Բաքվում պահվող հայերի հետ փոխանակմանը, վարչապետն ասաց. «Մենք ունենք պայմանավորվածություն, որ զինվորների անցնելու դեպքերը անջատ ենք նայելու բոլոր դեպքերից։ Ենթադրենք՝ գերիներից մեզ տվեք, որ այս զինվորին տանք։ Վաղը կարող է մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք մենք տալու։
Եղել է, որ զինվորը անցել է, ոչինչ չի արել, հանցագործություն չի արել, մենք զինվորին հետ ենք վերադարձնում։ Եթե մենք անցած, մոլորված զինվորին նախապայմանով տանք, որ գերի վերադարձնեն, ծառայություն է, մեր մոտից էլ կարող է զինվոր անցնել, բա մենք ում ենք տալու, որ զինվորին հետ բերենք»,- ասաց նա։
Վարչապետն անդրադարձավ նաև դիվերսիայի վերաբեյալ պտտվող վարկածներին։
«Լեգենդները, որ դիվերսիա է եղել, անցել են երեք հոգի, են եղել կամ տաս հոգի, բացարձակ անհեթեթություն է»,– ասաց Փաշինյանը։
![]()