Բնականաբար, շատ վատ եմ գնահատում տեղի ունեցածը. ԱԺ նախագահը՝ նիստերի դահլիճում միջադեպի մասին

«Եթե ես կողմնապահություն անեի, վստահեցնում եմ, ընդդիմության հետ այս միջադեպը շատ ավելի վատ կավարտվեր: Ես կողմնապահություն չեմ արել, և դրա համար այդ միջադեպը չի ստացել այն շարունակությունը, որ կարող էր ստանալ»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպին:

«Ընդհանուր առմամբ, բնականաբար, ես շատ վատ եմ գնահատում տեղի ունեցածը, բայց պետք է ասեմ, որ, ցավոք, տեղի ունեցածը արդյունք էր այն բանի, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ նպատակաուղղված անընդհատ սադրում էին իրավիճակը, և նրանք հիմնականում «Ուժեղ Հայաստան»-ի հանրապետական թևը ներկայացնող պատգամավորներն են, որոնք աչքի են ընկնում բարոյականության բավականին ցածր մակարդակով, և դա արտահայտվում է նիստերի դահլիճում:

Չեմ կարող ասել՝ դա նպատակաուղղված է արվում, այսինքն՝ ամբողջ խմբակցության կողմից, թե խմբակցությունը բավարար թույլ է, որպեսզի դա տեղի ունենա, բայց ամեն դեպքում ունենք այն, ինչ ունենք»,- ասել է ԱԺ նախագահը:

Հիշեցնենք, որ ԱԺ նիստերի դահլիճում վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը, շեղվելով օրակարգային թեմայից, փորձել է անդրադառնալ ԱԺ նախագահի պաշտոնավարմանը, ինչի պատճառով նիստը վարող Ռուբեն Ռուբինյանն անջատել է նրա խոսափողը։

Ղազարյանը շարունակել է ելույթը՝ պահանջելով վերականգնել ժամանակը, սակայն այն չի վերականգնվել, ինչից հետո պատգամավորների միջև վիճաբանություն և քաշքշուկ է սկսվել։ Ռուբինյանը ընդհատել է նիստը և հայտարարել ընդմիջում, իսկ ընդմիջումից հետո պատգամավորներին հորդորել է չշեղվել օրակարգից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ