Եթե «Ուժեղ Հայաստան»-ը մասնակցի ՏԻՄ ընտրություններին, ապա կտեսնենք, որ առանց ընտրակաշառքի ու արտաքին ազդեցության քաղաքական կապիտալ չունի. Կոնջորյան

Գիտեք ինչու է «Ուժեղ Հայաստանը» մասնակցում 19 ՏԻՄ ընտրություններից միայն մեկում, որովհետև կարող է պարզվի, որ արտաքին ճնշումները չկան ՏԻՄ-երում, կամ ընտրակաշառքի ողնաշարը ջարդվել է ՏԻՄ-երում: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց խորհրդարանի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի ընդդիմադիր պատգամավորների մեկնաբանություններին:

Ըստ պատգամավորի՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, եթե մասնակցի ՏԻՄ առաջիկա ընտրություններին, ապա նկատելի կդառնա, որ առանց ընտրակաշառքի ու արտաքին ազդեցության ուղղակի «քաղաքական կապիտալ չունեն»:

«Ընդդիմադիրները մեջբերում են ԵԽԽՎ զեկույցը, որտեղ խոսվում է հանրային ծառայողների մասին: Հարգելի գործընկերներ դուք, վերցնում եք մի նախադասություն ու այդ մի նախադասության կեսն եք կարդում և հաջորդ կեսը չեք կարդում: Հաջորդ կեսը հետևյալի մասին է, որ արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ բիզնեսի ղեկավարները ճնշումներ են գործադրել իրենց աշխատակիցների վրա՝ ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու համար: Մենք բոլորս էլ գիտենք, որ դուք էլ եկել եք, ինչպես սիրում եք հենց դուք ասել, եկել եք «մեծ բիզնեսից»: Հետևաբար այդ «մեծ բիզնեսի» ղեկավարներն ովքե՞ր են»,-ասաց պատգամավորը:

Կոնջորյանը նաև նշեց, որ ԵԽԽՎ զեկույցի առանցքային մասը վերաբերում է այն արձանագրությանը, որ ընտրությունների ընթացքում Հայաստանի դեմ գործադրվել են աննախադեպ արտաքին ճնշումներ, տնտեսական պատժամիջոցներ, անվտանգության սպառնալիքներ, որպեսզի ձայներ ապահովեն ընդդիմության համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ