![]()
«Քննիչ հանձնաժողովը քննելու է բոլոր ապօրինությունները, որոնք տեղի են ունեցել տասնյակ տարիներ շարունակ Եկեղեցում այն անձի գլխավորությամբ, որին դուք անվանում եք Վեհափառ, այն անձը, որը զավթել է վեհարանը, այն անձը, որը կուսակրոնության ուխտը դրժել է: Հայաստանում նման մարդ կա՞, որ կասկածում է, որ Կտրիճ Ներսիսյանն ունի կին ու զավակ»,-ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը:
Այս հայտարարությունից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները սկսեցին հարվածել սեղաններին, որին Չախոյանն արձագանքեց՝ հանգիստ նստեք տեղներդ:
Դիմելով ընդդիմությանը՝ Չախոյանն ասաց. «Ձեզ թվում է մեր հանրությունը չի տեսնում այն ապօրինությունները, որոնք տասնամյակներ շարունակ Եկեղեցում եղել են և շարունակում են լինել, չի՞ նկատում այն ապօրինի փողերի շրջանառությունը, որը կազմակերպվում ու իրականացվում է Եկեղեցում: Ինչքան պետք է այս ամենի վրա աչք փակենք: Եթե ձեզ թվում է, թե այս կերպ այն անձին, ով զավթել է վեհարանը՝ պաշտպանելով, ձեր թևերը նրա վրա փռելով, վերջինիս օգնում եք, ամենամեծ վատությունն եք անում այս ազգին: Ձեր ազգային արժեքը որն է՝ կուսակրոնության ուխտը խախտած կաթողիկոսը՞, դա եք ուզում ձեր սերունդներին փոխանցել: Ոչ մեկը ու ոչինչ չի պլստալու, այդ թվում՝ վաշխառությամբ զբաղվող Կտրիճ Ներսիսյանը»:
![]()