![]()
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի խոսքով՝ դիվերսիոն հարձակումներ Ադրբեջանը բազմաթիվ անգամներ է արել, հարձակվել հայկական հենակետերի վրա, հետո ասել, թե հայերն են հարձակվել, կրակել, սակայն Սյունիքի մարզի Շաքի համայնք ներթափանցած ադրբեջանցի զինվորի դեպքը այդ համատեքստում պետք չէ դիտարկել:
Ըստ նրա՝ դիվերսիա անելիս մեկ զինվոր ՀՀ տարածքի խորքը չէին ուղարկի, և դիվերսիայի դեպքում ուղարկում են կոնկրետ գործողության համար, ոչ թե հայ կնոջ վրա կրակելու:
«Ես կարծում եմ, որ այս տղան ադրբեջանական բանակում սեռական բռնության է ենթարկվել: Նման դեպքում կա՛մ ինքնասպան են լինում, կա՛մ այսպես փախչում այլ երկիր: Նա պահանջելու է, որ իրեն Ադրբեջան չհանձնեն, այլ երրորդ ինչ-որ երկիր ուղարկեն»,- ասում է նա:
Ըստ Արամ Սարգսյանի՝ պատերազմից հետո, երբ սահմանը երկարել է, անցնելը դժվար չէ. «Պետք չէ մեծ աղմուկ բարձրացնել: Խաղաղություն լինի, թե չէ՝ նման դեպքերից չենք կարող զերծ մնալ, պարզապես մեր ներքին քաղաքական ուժերը ուզում են իրենց ցանկությունը իրականություն դարձնել: Ներքաղաքական աժիոտաժ է»:
Քաղաքական գործիչը կարծում է, որ պատերազմ չի լինի, Ադրբեջանը Սյունիքի ուղղությամբ հարձակում չի իրականացնի։
Այնուամենայնիվ, «Հանրապետություն» կուսակցության նախագահը այն համոզմանն է, որ սրանից մեր իշխանությունները պետք է հետևություն անեն և հաջորդ անգամների համար իմանան անելիքը:
Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի և այլ պաշտոնյաների խոսույթը վերջին շրջանում կարծես թե կոշտացել. Արամ Սարգսյանը նկատում է՝ Ադրբեջանն իր խոսույթը կոշտացնում է այն պարագայում, երբ տեսնում է, որ Հայաստանի վրա ուշադրությունը մեծանում է:
Նա կարծում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններում այժմ սառնություն կա, դրա համար էլ Ալիևը հայտարարում է, թե միայնակ են հաղթել պատերազմը:
Անդրադառնալով Դմիտրի Մեդվեդևի այն հայտարարությանը, թե Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ, Սարգսյանը նկատում է. «Մեդվեդևը գլուխգովանություն է արել Իրանում, ուզեցել է ցույց տալ, թե գերտերության ներկայացուցիչ է»:
Ըստ նրա՝ ՌԴ-ն ուզում է, որ ՀՀ-ում իշխանափոխություն լինի, և Հայաստանի ընդդիմությունը «պասերով» խաղում է Ռուսաստանի հետ:
Արամ Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ի տաղավարում խոսել է նաև այլ հարցերի մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:
![]()