Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա պղպեղային գազ փչած արմատականին քառօրյա տնային կալանք են նշանակել

Երուսաղեմում իննամյա հայ քրիստոնյա տղայի վրա պղպեղային գազ փչած իսրայելցի վերաբնակիչին ազատ են արձակել սահմանափակող միջոցներով․ նրան նշանակել են քառօրյա տնային կալանք և արգելել մոտենալ տուժածին հետագա քննության ընթացքում, հաղորդում է Իսրայելում բնակվող հայ լրագրող Գեղամ Բալյանը։

Հարձակումը տեղի է ունեցել Յոմ Կիպուրի ժամանակ՝ Հին քաղաքի պատերի մոտ գտնվող Mamilla առևտրի կենտրոնի շրջանում։ Իննամյա Ուիլյամը՝ Երուսաղեմի քրիստոնեական համայնքից հայ տղան, հեծանիվ էր քշում և երաժշտություն լսում։

Ըստ նրա, տղամարդը պահանջել է, որ նա ձայնը նվազեցնի։ Դրանից հետո տղան նրա հետ խոսել է անգլերեն, և հարձակվող, ասել է․ «No English, Jews», որից հետո երեխայի դեմքին պղպեղային գազ է փչել։

Ոստիկանությունն ի սկզբանե փակել էր գործը, սակայն ԶԼՄ-ներում հրապարակումներից հետո քննությունը վերսկսվել է։ Մի քանի օր անց ձերբակալվել է 22-ամյա մի տղամարդ՝ Երուսաղեմից ոչ հեռու գտնվող Գանեյ-Մոդիին բնակավայրից։ Ոստիկանությունը հայտարարել է, որ առանձնապես լուրջ է վերաբերվում անչափահասների նկատմամբ բռնությանը և հետապնդմանը, եթե հարձակումն ունենում է ազգայնական կամ ռասիստական դրդապատճառ։

Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով, սա արդեն Ուիլյամի վրա հարձակման երկրորդ դեպքն էր։ Մի քանի տարի առաջ նա հայտնվել էր դեռահասների մի խմբի կողքին, որոնցից մեկն էլ էր պղպեղային գազ օգտագործել։ Ներկա դեպքում տղան լրագրողներին պատմել է, որ հարձակումից հետո վախեցել է իր կյանքի համար։

Կասկածյալին տնային կալանքի տակ ազատ արձակելու որոշումը վրդովմունք է առաջացրել նրանց շրջանում, ովքեր կարծում են, որ իսրայելական իշխանությունների արձագանքը բավարար չափով խիստ չէ։ Մասնավորապես, հարցեր են հնչում այն մասին, թե ինչպես կարձագանքեին իշխանությունները, եթե արաբական կամ հայկական համայնքի ներկայացուցիչը հարձակվեր հրեա երեխայի վրա։

Քննությունը շարունակվում է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ