![]()
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի ժամանման սրահի զուգարանում հայտնաբերվել են կնոջ և նրա նորածնի մարմինները։ Հարուցվել է քրեական գործ, հաղորդում է Մոսկվայի մարզի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Իրավապահ մարմինների աշխատակիցները ՏԱՍՍ-ին հայտնել են, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ 30-ամյա կինը ծննդաբերել է օդանավակայանի զուգարանում, ապա խեղդամահ արել երեխային։
Իրավապահ մարմինների հետ կապեր ունեցող Mash, Baza և «112» Telegram ալիքների տվյալներով՝ կինը ժամանել էր Թուրքիայից։ Նա օդանավակայանում փակվել է զուգարանի խցիկում, ծննդաբերել, ապա խեղդամահ արել երեխային՝ զուգարանի թուղթը բերանը խցկելով։
Նրա ճիչերը լսած և արյունը տեսած մարդիկ փորձել են օգնել, կինը, սակայն, հրաժարվել է։ Ժամանած շտապօգնության աշխատակիցներին չի հաջողվել փրկել երիտասարդ կնոջ կյանքը, նա մահացել է արյունահոսությունից։
Ըստ Mash-ի, մահացած կինը ուկրաինուհի էր: Նա Թուրքիայից էր ժամանել ՌԴ ամուսնու և 11-ամյա դստեր հետ: Ամուսինը հայտարարել է, որ չի իմացել կնոջ հղիության մասին։
![]()