Վիճաբանել են, հարվածել իրար․ Մանախը կրակել է ընկերոջը․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել միջադեպից

ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Արթուր Այվազյանի՝ «Մանախի» մասնակցությամբ միջադեպից։

«Հոկտեմբերի 1-ի գիշերը՝ ժամը 3.15-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել հրազենային վնասվածք ստացած՝ Այնթապ գյուղի բնակիչ 54-ամյա տղամարդու։

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 1-ին՝ կեսգիշերն անց, Այնթապ գյուղի 17-րդ փողոցի տներից մեկի մոտ 54-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է ընկերոջ՝ Նոր Կյուրին գյուղի 49-ամյա բնակչի հետ, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել իրար։

Հետագայում 54-ամյա տղամարդը գնացել է Նոր Կյուրին՝ շարունակելու վիճաբանությունը, որի ընթացքում էլ 49-ամյա տղամարդն իր մոտ ապօրինի պահվող հրացանով կրակել և մարմնական վնասվածք է պատճառել նրան։

49-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նոր Կյուրին գյուղի բնակիչ 49-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ապօրինի պահվող հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։

Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արթուր Այվազյանը՝ «Մանախը» ձերբակալվել է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ