Ընտրություններից հետո ընդդիմությունը վախեցած է, դրա համար չեն մասնակցում ՏԻՄ ընտրություններին. տեսանյութ

Ընտանեկան և կենցաղային բռնության օրենքի նախագծում փոփոխություններ են առաջարկվում:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Քնարիկ Հարությունյանը՝ մանրամասնելով, թե ինչով է այն տարբերվում գործող օրենքից:

«Պետության դերի և վերաբերմունքի բարձրացում է տեղի ունեցել: Այժմ բռնության ենթարկված անձն է հաղորդում տալիս հանցագործության մասին և հետևում գործընթացին, այս նախագծով պետությունն է դա անելու՝ իր վրա վերցնելով պատասխանատվություն և մինչև վերջ դրա հետևից գնալու է»,- ասում է նա՝ միաժամանակ շեշտելով՝ օրինագծի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է. «Ընտանեկան բռնության դեմ շարժումը լայն թափ է հավաքում, հուսանք՝ կկարողանանք պաշտպանել թույլին ուժեղից»:

Ըստ Հարությունյանի՝ այս նախագծով անկախ նրանից՝ բռնության ենթարկված անձը բողոք կներկայացնի՞, թե՞ ոչ, կնախաձեռնվի քրեական վարույթ. «ՀՀ-ում ամենաշատը բռնության են ենթարկվում կանայք, բայց օրենքի նոր նախագծով պաշտպանված կլինեն նաև տղամարդիկ»:

Պատգամավորը նկատում է՝ մեր հասարակության մեջ կա կարծրացած մտածելակերպ, այն է՝ «պետք չէ խառնվել ուրիշի կյանքին, կռվել են, կհաշտվեն, դա իրենց գործն է». «Ուզում ենք փոխել մոտեցումը, ստեղծել առողջ հասարակություն և ընտանիք, չպետք է անտարբեր լինենք ուրիշի ցավի նկատմամբ»:

Իշխող ուժի անդամի խոսքով՝ ոստիկանների վրա կլինեն տեղադրված տեսախցիկներ, որպեսզի պարզ դառնա՝ ինչպես են նրանք արձագանքում բռնության դեպքերին. «Շատ դեպքերում ոստիկաններն են հորդորում բռնության ենթարկված անձին հետ վերցնել դիմումը»:

Քնարիկ Հարությունյանը միաժամանակ ընդգծում է. «Մեր հասարակության մեջ շատ են մարդիկ, որոնք ենթարկվում են բռնության, սակայն ինչ-ինչ պատճառներով լռում են, մարդիկ պետք է իմանան, որ պետությունը կանգնած է իրենց թիկունքին»:

Անդրադառնալով որոշ համայնքներում ՏԻՄ ընտրություններին և դրանցում ընդդիմության նվազ ներգրավվմանը՝ պատգամավորն ասում է. «Ընտրություններից հետո ընդդիմությունը վախեցած է, դրա համար չեն մասնակցում ՏԻՄ ընտրություններին»:

Դիտարկմանը՝ ընդդիմությունը պնդում է, որ իշխանությունը անհավասար պայմաններ է ստեղծում, վերջինս ընդգծում է. «Ընդդիմադիրները երբ ՏԻՄ-երում գալիս են իշխանության, չեն կարողանում տեղներում հանգիստ նստել. կաշառք են վերցնում, անօրինական գործեր անում»:

Խոսելով Գյումրու խնդիրների մասին՝ Քնարիկ Հարությունյանն ասում է. «Գյումրիում աղբահանություն չի իրականացվում, թափառող շների հարցը օրհասական է, անտերություն բառը լավագույնս է բնութագրում իրավիճակը»:

Ինչ վերաբերում է Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) և որոշ բարձրաստիճան հոգևորականների վերաբերյալ ներկայացված զեկույցին, նա շեշտում է. «Զեկույցը ցնցող է, հասարակությունը չի հանդուրժելու մանկապիղծ հոգևորականներին»:

Քնարիկ Հարությունյանը խոսել է նաև այլ թեմաների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ