ՀՀ տարածք ներխուժած Ադրբեջանի քաղաքացին կալանավորվել է

Դատարանը բավարարել է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը:

Քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ վերջինս 2 ամսով կալանավորվել է:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ավելի վաղ հայտնել է, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը ՀՀ ԱԱԾ-ին տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։

Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ Լաչինի ուղղությամբ տեղակայված զորամասում ծառայող Նասիմի Ռասիմ օղլու Մուսաևի անհետացման մասին տեղեկատվությունը ճիշտ է. 2026 թվականի սեպտեմբերի 26-ին Նասիմի Մուսաևի իր ծառայության վայրից բացակայության և նրան գտնելու անհնարինության պատճառով նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ռազմական դատախազությունը հետաքննություն է անցկացրել, որի արդյունքում հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Նասիմի Մուսաևը առանց թույլտվության լքել է իր զորամասը։

Ադրբեջանի Հանրապետության զինվորական դատախազության քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով:

ՀՀ գլխավոր դատախազությունն իր հերթին հայտնել է, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Մուսաևը ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել է կրակոցներ:

Կրակոցի հետևանքով վիրավորում է ստացել 1987 թվականին ծնված Ա. Ա.-ն: Այնուհետև Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին դիմել է փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել է Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում:

Վիրավորում ստացած ՀՀ քաղաքացին տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն: ՀՀ քաղաքացին ստացել է բուժօգնություն և տեղափոխվել Երևան:

Նույն օրը Սիսիանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու՝ 2011 և 2014 թվականին ծնված երեխաները:

2014 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել փափուկ հյուսվածքների սալջարդ, իսկ 2011 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել աջ դաստակի կոտրվածք:

Դատախազությունից, ի լրումն նախորդ հաղորդագրության, հավելել են, որ նույն դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելը) և 340-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի մաքսանենգություն): Նախաձեռնված այս վարույթը միացվել է մայր վարույթին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ