Շաքիում տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, ստանում է անհրաժեշտ և համարժեք բուժօգնություն. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Շաքիում ադրբեջանցի զինծառայողի հարձակումից տուժած քաղաքացու առողջական վիճակին:

«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, ստանում է անհրաժեշտ և վիճակին համարժեք բուժօգնություն. կյանքին սպառնացող վտանգ չունենք:

Երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ստացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն:

Հարգելի´ լրագրողներ, հորդորս է հարգել բուժառուի և նրա ընտանիքի անձնական սահմանները, չխախտել նրանց անձնական տարածքը:

Հավատացած եղեք´, որ բժշկական անձնակազմը արել և անում է առավելագույնը»,- գրել է Ավանեսյանը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ավելի վաղ հայտնել է, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը ՀՀ ԱԱԾ-ին տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։

Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ Լաչինի ուղղությամբ տեղակայված զորամասում ծառայող Նասիմի Ռասիմ օղլու Մուսաևի անհետացման մասին տեղեկատվությունը ճիշտ է. 2026 թվականի սեպտեմբերի 26-ին, Նասիմի Մուսաևի իր ծառայության վայրից բացակայության և նրան գտնելու անհնարինության պատճառով, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ռազմական դատախազությունը հետաքննություն է անցկացրել, որի արդյունքում հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Նասիմի Մուսաևը առանց թույլտվության լքել է իր զորամասը։

Ադրբեջանի Հանրապետության զինվորական դատախազության քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով:

ՀՀ Գլխավոր դատախազությունն իր հերթին հայտնել է, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Մուսաևը ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել է կրակոցներ:

Կրակոցի հետևանքով վիրավորում է ստացել 1987 թվականին ծնված Ա.Ա.-ն: Այնուհետև, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին դիմել է փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել է Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում:

Վիրավորում ստացած ՀՀ քաղաքացին տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն: ՀՀ քաղաքացին ստացել է բուժօգնություն և տեղափոխվել Երևան:

Նույն օրը Սիսիանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու՝ 2011 և 2014 թվականին ծնված երեխաները:

2014 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել փափուկ հյուսվածքների սալջարդ, իսկ 2011 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել աջ դաստակի կոտրվածք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ