Վնասվածքներ ունեն նաև Շաքիի բնակչուհու երեխաները․ ադրբեջանցի զինծառայողի դեպքով քրվարույթ է նախաձեռնվել

2026 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14:17-ին ՀՀ ներքին գործերի նախարարության 112 ՕԿԿ Սյունիքի բաժանմունքում ահազանգ է ստացվել քաղաքացուց այն մասին, որ իրենց տուն մարդ է մտել, զենքով կրակել է մայրիկի ոտքին: Ահազանգը փոխանցվել է Ոստիկանության Սիսիանի բաժին:

Դեպքի վայրում պարզվել է, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը՝ 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը, ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել է կրակոցներ: Կրակոցի հետևանքով վիրավորում է ստացել 1987 թվականին ծնված Ա.Ա.-ն: Այնուհետև, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին դիմել է փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել է Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 207-րդ հոդվածի 1-ին մասով: Դեպքի վայրի զննությամբ վերցվել են փորձանմուշներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին 2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 15:30-ին ձերբակալվել է և ներկայացվել նախաքննության մարմին:

Վիրավորում ստացած ՀՀ քաղաքացին տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն: ՀՀ քաղաքացին ստացել է բուժօգնություն և տեղափոխվել Երևան:

Նույն օրը Սիսիանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու՝ 2011 և 2014 թվականին ծնված երեխաները:

2014 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել փափուկ հյուսվածքների սալջարդ, իսկ 2011 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել աջ դաստակի կոտրվածք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ