![]()
Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա, ուրիշ տարբերակ չկա, պետք է հեռանա և պետությունը բոլոր լծակները օգտագործելու է դրա համար: Ո՞վ է ինքը, որ այնտեղ նստի ընդհանրապես, ո՞վ է ինքը, որ մեր սրբության սրբոցում նստի: Ինքը ոչ մեկ է: Ինքը սրբապիղծ, եկեղեցիապիղծ, կանոնապիղծ և եկեղեցին բռնազավթած մեկն է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Եկեղեցու ներսում տիրող ճգնաժամի մասին զեկույցի հետ կապված հարցին:
Վարչապետն ընդգծեց, որ Հայ առաքելական եկեղեցու ներսում ճգնաժամը գոյություն ունի անկախ որևէ հանգամանքից և դա նշանակում է, որ Կառավարությունը նման ճգնաժամի առաջացման հետ որևէ կապ չունի:
«Ինչու եմ ասում, որ Հայ առաքելական եկեղեցին բռնազավթված է, որովհետև եկեղեցին ոչ Կաթողիկոսն է, ոչ էլ եպիսկոպոսները, եկեղեցին՝ հավատավոր ժողովուրդն է: Հավատավոր ժողովուրդը դուրս է դրված եկեղեցու կառավարումից: Մեր եկեղեցու կառավարման ավանդույթն է՝ ծխական խորհորդներ, թեմական խորհուրդներ, Ազգային եկեղեցական ժողով, որը ի հեճուկս սահմանվածության չի գումարվել: Պատկերացրեք Հայաստանի Կառավարության նիստեր չլինեն, Ազգային ժողովի նիստեր չլինեն: Կասե՞ք «հա դե ոչինչ»: Բա եկեղեցում այդ նույն վիճակն է, բռնազավթված է եկեղեցին: Պատկերացրեք ես մի կարգավիճակ ունենամ, որը բացառում է իմ վարչապետ լինելը: Բոլորը ասելո՞ւ են. «լավ դե, որ հասել է այդ աշխատասենյակին, թող նստի իրա համար»,-ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ այժմ քննիչ հանձնաժողով կստեղծվի, որը կուսումնասիրի Եկեղեցու ներսում տիրող ճգնաժամի մասին զեկույցի բոլոր տողերը, որի արդյունքում օրենսդրական փոփոխություն պետք է լինի, որն էլ իր հերթին կվերացնի «եկեղեցու բռնազավթումը»:
«Կտրիճ Ներսիսյանն է որոշո՞ւմ, թե ով որտեղ լինի: Ոչ, ինքը չի որոշում: Համայնքն է որոշում ով լինի քահանա կամ առնվազն մեծ ազդեցություն է ունենում դրա վրա: Դա է մեր եկեղեցու ավանդույթը, ոչ թե ԿԳԲ-ի գործակալների միջոցով որոշումներ կայացնելը: Մենք հատուկ ձևով գնալու ենք այդ լուծումներին, այդ թվում հիմնվելով Սահմանադրության վրա, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և պետության հարաբերությունները կարգավորվելու են օրենքով: Աշխատավարձ չստացող քահանա Հայաստանում չպետք է լինի: Եկեղեցու համայնքը պետք է իմանա, քանի լումա մտավ եկեղեցի, որքան ծախսվեց, ինչի համար: Քահանաները պետք է սոցիալական երաշխիքներից օգտվեն»,-ասաց վարչապետը:
![]()