Լրատվամիջոցները, ըստ էության, ժողովրդավարության հիմնասյուներից են. Սոնա Ղազարյան

Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը:

«Լրատվամիջոցները ժողովրդավարության լրացուցիչ բաղադրիչ չեն։ Դրանք, ըստ էության, ժողովրդավարության հիմնասյուներից են։ Առանց ազատ և անկախ լրատվամիջոցների քաղաքացիները չեն կարող տեղեկացված որոշումներ կայացնել, իսկ հասարակությունը չի կարող արդյունավետորեն վերահսկել իշխանություն իրականացնողներին և նրանց գործունեությունը։

Այսօր, երբ քննարկում ենք լրատվամիջոցների ֆինանսական անկախության հարցը, պետք է հաշվի առնենք նաև այն իրավիճակները, երբ լրատվամիջոցներն իրենց գոյությունն ապահովելու համար կախված են մեկ հովանավորից, քաղաքական ուժից կամ ֆինանսական կենտրոնից։ Նման պայմաններում նրանց խմբագրական անկախությունը մշտապես վտանգված է։

Համաձայն եմ, որ երբ խոսում ենք լրատվամիջոցների ազատության մասին, պետք է անդրադառնանք ոչ միայն լրագրողների՝ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու իրավական պաշտպանությանը, այլև լրատվամիջոցների կայուն և անկախ ֆինանսավորմանը։

Մենք այս հարցը քննարկել ենք նաև Հայաստանում և փորձել ենք դրան անդրադառնալ գործնական օրենսդրական լուծման միջոցով։ Կառավարության հետ համատեղ մշակել ենք նախաձեռնություն, որը քաղաքացիներին հնարավորություն կտա իրենց վճարած եկամտային հարկի մի մասն ուղղել իրենց ընտրած լրատվամիջոցներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին։

Ակնկալվում է, որ օրենսդրական նախագիծը մեր խորհրդարանում կքննարկվի աշնանային նստաշրջանի ընթացքում։ Կարծում եմ՝ այս նախաձեռնությունը կարող է նոր հնարավորություն ստեղծել անկախ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ֆինանսական անկախությունն ու կայունությունն ամրապնդելու համար։

Կարծում եմ՝ սա պարզապես հարկային նոր մեխանիզմ չէ։ Սա հանրային մասնակցության և ժողովրդավարական պատասխանատվության նոր ձև է, որը քաղաքացիներին ավելի մեծ դեր է տալիս աջակցելու այն անկախ կառույցներին, որոնք կարևոր նշանակություն ունեն առողջ ժողովրդավարության համար։ Շնորհակալություն»,- իր ելույթում ասել է պատգամավորը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ