![]()
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը անլուրջ է որակել ռուսական հեռուստաալիքներով «Firebird AI» գործարանը հետախուզական համարելը։
«Կարծում եմ՝ դա քաղաքականացված գնահատական է, նման գործարաններն այսուհետև ենթակառուցվածքային նշանակության են․ ցանկացած հաշվիչ, հաշվողական ռեսուրս պահանջող խնդիր օգտագործվելու է այդպիսի կառույցների, այդպիսի միավորների օգտագործմամբ»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։
Նախարարի խոսքով՝ նույնիսկ ավտոմեքենան կարելի է օգտագործել հանցագործություն իրականացնելու համար, բայց արդյո՞ք պետք է արգելափակել կամ թույլ չտալ ավտոմեքենաների օգտագործումը։
«Ցանկացած այդպիսի շահարկում քաղաքականացված է և լուրջ չէ։ Նման մեղադրանք ներկայացնելու դեպքում կոնկրետ փաստեր ներկայացրե՞լ են։ Եթե ներկայացնեն փաստեր, սիրով նստենք, քննարկենք, մինչև հիմա ինչ հնչել է, շահարկումների դաշտից է»,- հավելել է նախարարը:
![]()