Այդ մարդիկ հոգին վաճառել են, նրանք նույն ընդդիմությունն են՝ հոգևորականի զգեստ հագած. Տեր Արամը՝ Եկեղեցում տիրող բարքերի, այլասերությունների մասին

«Եկեղեցում կան էլի խնդիրներ, որոնք ամբողջությամբ զեկույցում զետեղված չեն, բայց նաև այն ամենն, ինչի մասին խոսվում է զեկույցի մեջ, դրա 90 և ավել տոկոսը ճշմարտություն է: Չկա մեկը, որ հերքի ու ասի՝ նման բան չի եղել»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների վերաբերյալ հրապարակված զեկույցին՝ ասաց Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը:

Նրա խոսքով՝ միակ նեղվածությունն այն է, որ այդ մարդիկ ասում են՝ Եկեղեցու խնդիրները Եկեղեցու ներսում են լուծվում. «Դա կարծես հեգնանք լինի, անգամ ծիծաղելի է»,-նշեց քահանան:

Խոսելով զեկույցում բարձրաձայնված խնդիրների մասին՝ Տեր Արամն ասաց. «Ներսում բոլորը դրա մասին իմացել են, ծիծաղել են, այսինքն՝ պատերի տակ միշտ խոսակցությունները եղել են, բայց որևէ մեկը պատասխանատվություն չի ստանձնել այդ ամենը քննադատել: Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին կաղում է հոգեփրկչական իր առաքելության մեջ, այդ մտածողության տեր հոգևորականը ինչպե՞ս կարող է մտածել հայ հավատացյալի մասին, ինքն այլևս հոգևոր ապրում չունի: Եթե մեկը որոշել է, որ որպես տղամարդ տղամարդու հետ պետք է շնանա, այն դեպքում, երբ դա պղծություն է համարվում, այդ մարդն ինչպե՞ս պետք է գնա ուրիշի հոգևոր կյանքը փրկելու այն դեպքում, երբ իր հոգևոր կյանքի մասին դեռ պետք է մտածի»:

Տեր Արամը թվարկեց այլասերություններ, որոնք եղել են Եկեղեցու ներսում. «Համասեռամոլությունը, կուսակրոնների սիրուհիներ ունենալը, ամուսնացած լինելը եղել է: Մեկ-երկու բացառիկ դեպքեր կան, ժամանակ է եղել, երբ հոգևորականների թիվը պակաս է եղել, օրինակ՝ տվյալ հոգևորականն ամուսնացած է եղել, կինը մահացել է, Վազգեն Կաթողիկոսի օրոք ասել է, ոչինչ որ երեխա ունես, խելացի մարդ ես, կուսակրոնություն ստանձնի, որովհետև Եկեղեցուն պետք ես, դրանք բացառիկ դեպքեր են: Բայց հիմա անգամ այդ ամենը խրախուսվում է, մարդկանց ասում են, եթե օրինակ՝ ուզում ես կուսակրոն դառնալ, մի հատ գնա «լևի» արի, կուզես դեռ չես դառնա կուսակրոն, կորոշես հետոյի համար: Ամուսնացյալ քահանաներս ընտրել ենք օրինական ճանապարհով կին, երեխաներ ունենալ և մենք մեր պաշտոնի մասով սահմանափակվում ենք քահանայությամբ և այս մարդիկ գալիս են մեզ հրամաններ տալու: Մենք իրենց չենք ստիպել, որ կուսակրոն դառնան, բայց կուսակրոն չեն դառնում, որ պաշտոն կամ փողերի վրա իշխանություն ունենան, կուսակրոն դառնում են Աստծո հանդեպ ունեցած սիրուց: Այս մարդիկ չեն ընտրել ոչ մի կնոջ, ընտրել են Քրիստոսին, որ իրենց կյանքը դնեն զոհասեղանին՝ հանուն Քրիստոսի: Մեզ անվանում են տիրադավ, հիմա մե՞նք ենք տիրադավ, որ ընտրում ենք Քրիստոսին՝ ասելով, որ դուք չեք կարող Եկեղեցին պղծել, այս մարդիկ ընտրում են կուսակրոնությունն իշխանության համար»:

Տեր Արամն անդրադարձավ նաև մանկապղծության դեպքերին. «Էջմիածնեցիները պատմում էին, որ Եկեղեցու միջավայում անգամ մանկապղծությունն է տարածված եղել: Ասում էին՝ ով ցանկացել է, գումարով կարողացել է ինչ-որ հոգևորականի միջոցով օգտվել այդ երեխաներից: Եկեղեցում գտնվող հոգևորակնաններից շատերը հաշվարկների մեջ են: Նրանք արդեն իրենց հոգիները վաճառել են ու քանի որ փողասեր են՝ ոչ թե ծառայում են Եկեղեցուն, այլ ծառայություն են մատուցում անհատին ու իրենց ֆինանսական հարցերն են կարգավորում: Օրինակ՝ եպիսկոպոսները, տարբեր թեմի առաջնորդներ, ովքեր չեն միացել բարենորոգման շարժմանը, բա նրանց չի՞ անհանգստացնում այս բոլոր երևույթները, ինչո՞ւ ձայն չեն հանում, կարո՞ղ է փողը շատ է, վախենում են կորցնելուց»:

Անդրադառնալով նրանց շրջանում տարածված ատելության խոսքին՝ Տեր Արամն ասաց. «Հոգևորականը չի կարող այսքան ատելության խոսք հնչեցնել: Մայր Աթոռը ստեղծել էր ֆեյքերեցների գունդ, ովքեր ունեին հստակ հրահանգ, որ Նիկոլը պետք է վարչապետ չդառնա, սա եղել է Կաթողիկոսի խոսքը, որ ամեն ինչ պետք է անեք, որ Նիկոլը չվերընտրվի: Ամեն ինչ անել՝ ինչ է նշանակում, պետք է այնպես լիներ, որ այս մարդկանց ֆեյք կայքեր տրամադրեին, որ նրանք Աստծու խոսքը քարոզելու փոխարեն նստեին համակարգիչների առաջ ու տարբեր կայքերում ապատեղեկատվություն տարածեին ու հեղինակազրկեին իշխանությանը: Աշխարհում երկրորդ Եկեղեցի ցույց տվեք, որ իր պետության դեմ է աշխատում: Այս մարդիկ էլ Եկեղեցին չեն ներկայացնում, տիրոջն էլ են դավաճանել, սեփական ուխտն էլ, ժողովրդին էլ: Նույն ընդդիմությունն են իրենք, ուղղակի հոգևորականի զգեստ հագած ու չեն ծառայում մեր երկրի զարգացմանը»:

Տեր Արամի խոսքով՝ Եկեղեցու ներսում կա պառակտում. «Ե՛վ Հայաստանում, և՛ սփյուռքում բաժանվել են երկու ճամբարի, մի ճամբարը կաթողիկոսական է, որ ինչ ուզում է Կաթողիկոսն արած լինի՝ չեն հեռացնում, եթե անգամ Մայր տաճարի վերևում գրի՝ վաճառվում է, այդ մարդկանց տեսակը դրա հետ էլ է հաշտ լինելու: Եթե այդ նույն եպիսկոպոսներին վերցնենք տանենք մի գյուղ, հաջորդ օրը կմիանան մեր շարժմանը: Այս գործընթացը Եկեղեցու դեմ չէ, հակառակը՝ Եկեղեցու մասին մտածելով է, որ այս շարժումը կա: Պետություն-Եկեղեցի հարաբերությունները քանդված չեն: Այս պահին պատկերացում չունեմ Գարեգին Բ-ին հեռացնելու ուղիների հետ կապված, իմ տարբերակն ունեմ, բայց չեմ ցանկանա բարձրաձայնել: Շարժումն այն մտքին է, որ Կաթողիկոսն օր առաջ պետք է հեռանա և լավ կլինի, որ ինքնակամ անի: Կարծում եմ, որ նա ինքնակամ չի գնա, ի սկզբանե այդ մտքին չեմ էլ եղել, որ կգա մի պահ, որ ինքը ինքնակամ կգնա, անհնար է, նա այդ աթոռին այնքան ամուր է կառչած, որ երբեք այն չի թողնի: Այդ աթոռն իր համար իշխանություն է և ֆինանս»:

Տեր Արամը նաև ընդգծեց, որ քաղաքացի-Եկեղեցի կապը միշտ էլ ամուր է եղել. «Որևէ մեկը Եկեղեցի չի գնացել նրա համար, որ Կաթողիկոսը Գարեգին Բ-ն է, և որևէ մեկը չի հրաժարվելու գնալ, երբ Կաթողիկոսն այլ անձնավորություն լինի: Եկեղեցու նորոգումը միայն չեմ կապում Կաթողիկոսի գնալու հետ, այդ մարդն այնքան է քանդել, որ հաջորդ Կաթողիկոսը պետք է որոշի՝ կարո՞ղ է այդ պատասխանատվությունը վերցնել՝ քանդվածը հավաքելու, թե՝ ոչ: Դժվարը հետոն է լինելու, երբ պատկերացնենք այդ քանդվածի մասշտաբները»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ