Flydubai-ի օդանավի խցից ճիչեր են լսվել. օդաչուները կռվել են, մեկը փորձել է միտումնավոր ավիաաղետ ստեղծել

Ինչպես հայտնել ենք՝ Դուբայից Թել Ավիվ թռչող Flydubai ուղևորատար ինքնաթիռը օդանավի առևանգման ազդանշան է տվել, այնուհետև վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում:

Պարզվում է՝ Flydubai-ի օդաչուները թռիչքի ընթացքում կռվել են միմյանց հետ․ պատճառն այն է, որ նրանցից մեկը Ռուսաստանի, մյուսը՝ Ուկրաինայի քաղաքացի են եղել։ Այսպես են պնդում իսրայելական լրատվամիջոցները։

Թռիչքի ուղևորուհի Միրիամը պատմել է, որ ինքնաթիռում օդաչուների խցիկից ճիչեր են լսվել։ Երբ դուռը բացել են, ներսում ամեն ինչ արյան մեջ է եղել, իսկ օդաչուներից մեկը, ենթադրաբար, վիրավորվել է դանակով հարվածից։

Իսրայելցի ուղևորները, անձնակազմի հետ միասին, վնասազերծել են հարձակվողին։ Դրանից հետո ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել։

Flydubai-ն հայտարարել է, որ ուղևորների անվտանգությանը վտանգ չի սպառնացել։

Մեկ այլ վարկածի համաձայն՝ օդաչուներից մեկը վեճից հետո փորձել է դիտավորյալ կործանել ինքնաթիռը՝ կտրուկ ուղղելով այն դեպի ներքև, սակայն նրա գործընկերը փորձել է կանգնեցնել նրան և վիրավորվել է հենց այդ ընթացքում:

Հիշեցնենք՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անվտանգության հարցերով խորհրդակցություն է հրավիրել այն բանից հետո, երբ Դուբայից Թել Ավիվ ուղևորվող Flydubai-ի չվերթի ժամանակ ինքնաթիռի առևանգման մասին ազդանշան է գործարկվել։

Քիչ ուշ ըստ ԶԼՄ-ների՝ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում, այնուհետև հաղորդագրություն է հրապարակվել, որ նախնական տվյալներով՝ Դուբայից թռչող չվերթի ժամանակ տագնապի կոդն ակտիվացվել է թռիչքի ընթացքում երկու օդաչուի միջև ծագած վեճի պատճառով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ