Միքայել Մինասյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին պատկանող գույքի օրինականությունը:

Այժմ Միքայել Մինասյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու ուսումնասիրութան արդյունքում կազմված ամփոփագրին, հավաքված նյութերին, այդ թվում՝ ուսումնասիրության հիմքում դրված քրեական վարույթի վերաբերելի նյութերին՝ ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:

Մինասյանը և նրան փոխկապակցված շուրջ 10 անձ դատախազություն պետք է ներկայանան մինչև հոկտեմբերի 9-ը։

«Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50)՝ ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներով հավաքված նյութերին, այդ թվում՝ ուսումնասիրության հիմքում դրված քրեական վարույթի վերաբերելի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:

Ելնելով վերոգրյալից՝ 2026 թվականի հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15:50-ին, Դուք հրավիրվում եք ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 50): Նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով անհրաժեշտ է նախապես զանգահարել 010-511-662 հեռախոսահամարին»,- ասվում է հրապարակային ծանուցման մեջ:

Նշենք՝ Միքայել Մինասյանը Հայաստանում չէ. նա մեղադրվում է ապօրինի հարստացման, փողերի լվացման և պաշտոնեական հանցագործությունների համար, ինչի հիմքով նախաձեռնվել են քրեական վարույթներ և հայտարարվել է հետախուզում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ