Թենեսիում 200 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատժի են ենթարկում կնոջ

Թենեսիի իշխանությունները պլանավորում են չորեքշաբթի՝ սեպտեմբերի 30-ին, մահապատժի ենթարկել 50-ամյա Քրիստա Փայքին՝ մահացու ներարկման միջոցով, ինչը նրան կդարձնի նահանգում մահապատժի ենթարկված առաջին կինը ավելի քան 200 տարվա ընթացքում։

Այս մասին են վկայում դատական փաստաթղթերը և Թենեսիի ուղղիչ հիմնարկների դեպարտամենտի տվյալները:

50-ամյա Փայքի մահապատիժը նախատեսված է տեղական ժամանակով ժամը 10:00-ին (Երևանի ժամանակով՝ 20:00-ին) Նեշվիլի խիստ ռեժիմի բանտում։

Քրիստա Փայքը 18 տարեկան է եղել, երբ 1995 թվականին հանցագործություն է կատարել։ Նա և նրա ընկերը մեղավոր են ճանաչվել Փայքի հետ նույն դպրոցում սովորող աշակերտուհի 19-ամյա Քոլին Սլեմերի սպանության համար։

Մեղադրանքի կողմի պնդմամբ՝ Փայքը, կասկածներ ունենալով, որ Սլեմմերը հետապնդում է իր ընկերոջը, նրան տարել է մեկուսի տարածք, որտեղ նա և ընկերը տանջել և սպանել են նրան։ Գործը լայն ուշադրության է արժանացել սպանության դաժանության, մասնակիցների տարիքի և այն փաստի պատճառով, որ զոհի մարմնի վրա փորագրված է եղել սատանայական խորհրդանիշ։

Թենեսիի Գերագույն դատարանը հաստատել է Փայքի մահապատժի դատավճիռը։ Նա մահապատժի է դատապարտվել 1996 թվականի մարտից և նահանգում մահապատժի դատապարտված միակ կինն է։ Թենեսիի նահանգապետ Բիլ Լին երկուշաբթի օրը մերժել է Փայքի ներման խնդրանքը և հայտարարել, որ մտադիր չէ միջամտել մահապատժին։

Գործի նյութերի համաձայն՝ Փայքը կլինի Թենեսիի իշխանությունների կողմից մահապատժի ենթարկված առաջին կինը 1820 թվականից ի վեր։ ABC News-ի տվյալներով՝ Միացյալ Նահանգներում կին բանտարկյալների մահապատիժները հազվադեպ են։ 1976 թվականից ի վեր երկրում մահապատժի է ենթարկվել 18 կին, ինչը կազմում է մահապատիժների ընդհանուր թվի մոտավորապես 1%-ը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ