Ամեն քայլափոխի շների ոհմակի հարձակման զոհ է գյումրեցին․ գո՞հ եք ձեր միասնական կառավարումից․ ՔՊ խմբակցություն

Գյումրիում թափառող շների հետ կապված խնդիրն ահագնացող չափերի է հասել։

Այս մասին ահազանգում է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

«Գյումրու գրեթե բոլոր թաղամասերում և փողոցներում մարդիկ անվտանգ և առանց վախի տեղաշարժվելու հնարավորություն այլևս չունեն։ Ամեն քայլափոխի շների ոհմակի հարձակման զոհ է դառնում գյումրեցին։

Սա է օրվա ղեկավարության իրական դեմքը, սա է տեղի իշխանությունների վերաբերմունքը սեփական տանն ու քաղաքացուն։ Դուք հասաք ձեր նպատակին, քաղաքը հետ մղելով 90-ականներ, երբ մարդիկ առանց փայտի ներսուդուրս չէին անում, որպեսզի կարողանային պաշտպանվել շներից։

Գյումրու համայնքապետարանի պատասխանատուներ, դուք էլ եք հասկանում, որ անելիք ինչպես ի սկզբանե չեք ունեցել այս քաղաքում, հիմա չունենք առավելևս։ Գրեթե բոլոր ոլորտներում զրոյական են ձեր այսպես ասած «աշխատանքի» արդյունքները, Գյումրիում ներկա պահին կառավարման ճգնաժամ է՝ ձեր կիսատ-պռատ գործողությունների, դատարկ խոստումների, Գյումրու համար որևէ աշխատանք չանելու ձեր քաղաքականության արդյունքում։

Գյումրիում իշխանության ձևավորմանը մասնակից ուժեր, գո՞հ եք ձեր միասնական կառավարումից, հիմա՞ էլ եք պնդում, որ սա էր ձեր պատկերացրած այն քաղաքը, որին արժանի էր գյումրեցին, դեռ վստա՞հ եք, որ միասին կարող էիք, կամ որ դուք մեր Գյումրին էիք, արդյոք ձեր ասած «Միացիր, որ փոխենք»-ը այս հետընթացի՞ մասին էր։ Դո՞ւք էիք Գյումրու հույսը, հավատն ու սերը։ Եթե դուք էիք, ապա պատասխանեք մեկ պարզ հարցի՝ ինչո՞ւ որևէ կազմակերպություն, ներդնող ու ընկերություն չի աշխատում ձեզ հետ, չի ցանկանում համագործակցել, ո՞ւր է ձեր խոստացած շների ապաստարանը, գործարանները, աշխատատեղերը։ Այս շարքը երկար թվարկելի է։

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը եղել և մնում է կանգնած Գյումրու թիկունքին։ Մենք անհանգստացած ենք Գյումրու ինքնակառավարման այս ռեժիմից, որից ազատվելու միայն մեկ տարբերակ կա՝ արտահերթ ՏԻՄ ընտրություններ»,- ասվում է խմբակցության գրառման մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ