![]()
Կան մարդիկ, որոնց մասին պատմելիս դժվար է առանձնացնել մասնագիտությունը մարդուց։ Նրանց գործը պարզապես աշխատանք չէ․ այն տարիների ընթացքում ձևավորված ձեռագիր է, վերաբերմունք, հիշողություն ու արժեք, որը փոխանցվում է նաև ուրիշներին։
Վարդն այդ մարդկանցից է։
Նրա ստեղծած աշխարհում համն ու գեղեցկությունը միշտ կողք կողքի են։ Տորթը նրա համար պարզապես քաղցրավենիք չէ․ այն մանրուքներից, գույներից, ձևերից ու համերից հավաքված մի ամբողջ պատմություն է։ Շերտ առ շերտ Վարդը ստեղծում է ոչ միայն տորթ, այլև տրամադրություն՝ իր ձեռագրով ու հոգով։
Նրա խոհանոցն էլ առանձին պատմություն ունի։
Այստեղ ավանդույթը ժամանակակից մատուցման հետ ապրում է կողք կողքի։ Բոլորիս կապող հյուրընկալ օջախի տիրուհին է՝ իր անզուգական խոհանոցով, արևախաչ գաթաներով, ծիսականությամբ ու այն յուրահատուկ ջերմությամբ, որի շնորհիվ ամեն հավաքույթ վերածվում է տոնի:
Նրա խոհանոցում միշտ կա խոհը, խոհականը, և սա միայն բառախաղ չէ։
Սակայն Վարդի պատմության մեջ կա ևս մեկ կարևոր շերտ՝ գիտելիքը փոխանցելու կարողությունը։
Հայկական մշակույթի ու խոհանոցային ավանդույթների պահպանման ճանապարհին առանձնահատուկ նշանակություն ունեն այն անհատները, որոնք ոչ միայն ստեղծում են իրենցը, այլև բացում են կուտակած գիտելիքի դռներն ուրիշների առաջ։ Վարդը հենց այդ մարդկանցից է։ Նրա աշխատանքը շատերի համար դարձել է ճանապարհի սկիզբ՝ նոր բան սովորելու, փորձելու, ստեղծելու և սեփական ձեռագիրը ձևավորելու հնարավորություն։
Վարդի դեպքում այդ ժառանգությունը կարելի է տեսնել ամենուր՝ պատրաստման մշակույթից մինչև մատուցման ձև, ավանդական բաղադրատոմսից մինչև տոնի կազմակերպման ընկալում։
Նրա բացած արահետով այսօր քայլում են մարդիկ, որոնք ինչ-որ բան սովորել են նրանից և շարունակում են նրա ճանապարհը։
Գուցե հենց այստեղ է Վարդի պատմության ամենագեղեցիկ կողմը՝ երբ ստեղծածդ շարունակում է ապրել ուրիշների մտքում, հոգում ու ձեռքերում։ Սա արդեն անձնական հաջողություն չէ, այլ սեփական գործով մշակույթ փոխանցելու և ոգեշնչելու պատմություն։
![]()