![]()
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի երկրորդ հանրային լսումը, որը վարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Հանրային լսմանը ներկա էին ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը, ինչպես նաև էներգետիկ համակարգի ներկայացուցիչներ:
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է նախագծի բովանդակությունը: Նախարարն ընդգծել է, որ ընկերությունը «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված, Կառավարության հետ համաձայնեցված կարգով ընկերության բաժնետոմսերը օտարելու եռամսյա ժամկետի ընթացքում չի իրացրել գույքը կամավոր տնօրինելու օրենքով նախատեսված իր իրավունքը: Հանրային լսումներին չմասնակցելը միայն փաստում է այն մասին, որ օրվա սեփականատերերը ևս հասկացել են այս գործընթացի ամուր իրավական հիմքերը:
Անդրադառնալով պետականացման գործընթացին՝ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ ՀԷՑ-ի կառավարումը ստանձնելու պահին ընկերությունն ունեցել է ավելի քան 400 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսական պարտավորություններ, այդ թվում՝ ավելի քան 120 միլիոն ԱՄՆ դոլար միջազգային խոշոր բանկերում, որի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս: Վերջին մեկ տարվա ժամանակավոր կառավարման շրջանում մարվել են ավելի քան 60 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պարտավորություններ, այդ թվում՝ վաղաժամկետ: Ներկա պահին ՀԷՑ-ի ֆինանսատնտեսական վիճակը գնահատվում է կայուն և հեռանկարային: Պետական սեփականություն դառնալուց հետո որպես պետական փակ բաժնետիրական ընկերություն՝ ՀԷՑ-ը, հավանաբար, կգործի ՏԿԵ նախարարության ենթակայության ներքո, իսկ հետագա կառավարման ձևի հետ կապված որոշումները կբխեն բացառապես ՀՀ պետական շահից:
Հանրային լսումներից հետո Կառավարության որոշման նախագիծը կանցնի պետական և իրավական փորձաքննություն, ապա կներկայացվի ՀՀ վարչապետի աշխատակազմ: Հանրության գերակա շահի ապահովման նպատակով կնախաձեռնվի ընկերության բաժնետոմսերի օտարման գործընթաց, որի ընթացքում կիրականացվի բաժնետոմսերի շուկայական արժեքի գնահատում, և վերջնական արժեքի որոշումից հետո սեփականատերերին փոխհատուցում կտրամադրվի օրենքով սահմանված կարգով։
![]()