![]()
Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվել է երգիչ Թաթա Սիմոնյանի համերգը, որը բուռն քննարկումների ու հրապարակումների թեմա է դարձել սոցցանցերում ու լրատվականներում:
Թեմայի վերաբերյալ հայտարարություններ են հրապարակել երգիչն ու հեռարձակողը:
«Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ. Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը:
Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարևոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության սեփականությունը:
Նյութը օգտագործվել է առանց ինձ հետ համաձայնեցնելու:
Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ:
Փառք մեր նահատակներին։ Խոնարհվում եմ նրանց հիշատակի առջև»,- ասվում է երգիչ Թաթայի հրապարակման մեջ:
Հայտարարություն է տարածել նաև Հանրային հեռուստաընկերությունը՝ նշելով.
«Հարգելի՛ հեռուստադիտողներ,
Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և մենք ամբողջությամբ ընդունում ենք դրա պատասխանատվությունը։
Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով։
Ներողություն ենք խնդրում կատարվածի համար։
Վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար»:
![]()