Երեք անձնագիր և մի պարզ հարց․ երբ ընդդիմությունդ տհաս է

2026 թվականի ապրիլի 15-ին Սամվել Կարապետյանը դատարանում հայտարարեց, որ Հայաստանի քաղաքացի է, ունի նաև Ռուսաստանի և Կիպրոսի անձնագրեր և սկսել է այդ երկու քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը։

Հունիսի 30-ին նա արդեն պարզաբանում էր, որ գործընթացը շարունակելու համար դատարանը պետք է հնարավորություն տա իրեն դիմելու համապատասխան դեսպանատներ և ներկայացնելու անհրաժեշտ փաստաթղթերը։ Նույն օրը նաև ասաց․ «Այն օրը, երբ դրա կարիքը կլինի, ես կլինեմ միայն Հայաստանի քաղաքացի»։

Հետագայում նույն հարցին ուղիղ պատասխանն ավելի բարդացավ։ Սեպտեմբերի 25-ին լրագրողի հերթական հարցին Կարապետյանն արդեն պատասխանեց պայմանով․ «Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից, ես՝ մյուս երկու երկրների»։

Այս պատմությունը հրապարակային խոսքի և քաղաքական պատասխանատվության հարաբերության մասին է։

Սկզբնական հարցը շատ պարզ էր։ Կարապետյանը հայտարարել էր կոնկրետ գործողության մասին։ Ամիսներ անց լրագրողը փորձում էր պարզել դրա արդյունքը։ Քաղաքական հաշվետվողականության նվազագույն պահանջն այստեղ փաստն է՝ դիմումը ներկայացվե՞լ է, իրավական գործընթաց կա՞, ո՞ր փուլում է այն։

Պարզ պատասխանի փոխարեն սեփական հայտարարության ճակատագրի մասին հարցը տեղափոխվեց քաղաքական մրցակցի քաղաքացիության դաշտ։

Սա պաշտպանական հռետորաբանության ծանոթ մեխանիզմ է։ Անհարմար հարցին պատասխանելու փոխարեն փոխվում է խոսակցության կենտրոնը։ Հոգեբանական իմաստով գործում է հակագրոհի պարզ տրամաբանություն՝ դուրս գալ պատասխանողի դիրքից և դիմացինին դարձնել քննարկման առարկա։ Այդ հնարքը կարող է աշխատել կարճ բանավեճում, բայց ոչ քաղաքականության մեջ։

Քաղաքական խոսքն արժեք ունի այնքանով, որքանով դրա հետևում մնում է պատասխանատվությունը սեփական խոսքի համար։

Կարապետյանի քաղաքացիությունների հարցն էլ սովորական մանրուք չէ։ Հայաստանի Սահմանադրությունը պատգամավորի թեկնածուի համար քաղաքացիության և բնակության հատուկ պահանջներ է սահմանում։ Քաղաքական իշխանության հավակնությունը քաղաքացիական կարգավիճակը դարձնում է հանրային նշանակության տեղեկություն։

Ռուսաստանի քաղաքացիությունն այստեղ ունի նաև արտաքին քաղաքական համատեքստ։

Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները վերջին տարիներին խոր վերանայման փուլ են անցել անվտանգության ոլորտում առաջացած ճգնաժամերի և փոխադարձ անվստահության պատճառով։ 2026 թվականի ընտրությունների ընթացքում Ռուսաստանի միջամտության վերաբերյալ արդեն կան նաև հրապարակային հետաքննություններ։ Dossier Center-ի հրապարակած նյութերում ռուս քաղաքական տեխնոլոգների ներքին փաստաթղթերի հիման վրա Կարապետյանը ներկայացվում էր որպես Մոսկվայի համար նախընտրելի թեկնածուներից մեկը։

Միաժամանակ DFRLab-ի, CivilNet-ի և Erebus-ի հետաքննությունը պարզել է Հայաստանի դեմ ընտրություններից առաջ իրականացված ռուսական համակարգված տեղեկատվական գործողությունների ենթակառուցվածք։ Միջազգային դիտորդների գնահատականներում ևս արձանագրվել են Ռուսաստանի կողմից ընտրական գործընթացի վրա ազդելու փորձերի վերաբերյալ ապացույցներ։

Այս համատեքստում ռուսական քաղաքացիությունը վերածվում է լրջագույն քաղաքական հարցի։ Ռուսաստանում տասնամյակների բիզնես գործունեությունը, ռուսական քաղաքացիությունը և ընտրական գործընթացի վրա Մոսկվայի հնարավոր ազդեցության վերաբերյալ հնչած մեղադրանքները հասարակությանը լիարժեք հիմք են տալիս պահանջելու հստակ պատասխաններ Սամվել Կարապետյանի իրավական, քաղաքացիական և քաղաքական կապերի մասին։

Կիպրոսի քաղաքացիությունն ունի այլ համատեքստ։ Այն առնչվում է միջազգային բիզնեսի, իրավական ու հարկային միջավայրերի և ակտիվների կառավարման համակարգերին։ Իշխանության հավակնող գործչի դեպքում սա միայն մեծացնում է թափանցիկության պահանջը նրա իրավական, ֆինանսական և սեփականության կապերի վերաբերյալ։

Հայաստանին անհրաժեշտ է ընդդիմություն, որը իշխանությանը կարող է պարտադրել բովանդակային մրցակցություն՝ տնտեսական աճի որակի, ներդրումների, ռուսական շուկայից կախվածության, եվրոպական ինտեգրման հնարավորությունների ու գնի, Թուրքիայի հետ սահմանի բացման, Ադրբեջանի հետ խաղաղության երաշխիքների, բանակի վերափոխման, կրթության, դատական համակարգի և ժողովրդագրության շուրջ։

«Դու հրաժարվիր քո քաղաքացիությունից, ես կհրաժարվեմ իմ մյուս երկուսից» բանաձևը այդ օրակարգի որևէ հարցի չի պատասխանում։

Ժողովրդավարության կայունությունը կախված է նաև ընդդիմության քաղաքական հասունությունից։ Իշխանությունն իր ձեռքում ունի վարչական ռեսուրս, պետական ինստիտուտներ և օրակարգ ձևավորելու զգալի հնարավորություն։ Ընդդիմության քաղաքական կապիտալը գաղափարն է, պատրաստված ծրագիրը, փաստարկի ուժը և իշխանությանը տրվող դժվար հարցերը։

Թույլ ընդդիմությունը պատուհաս է ամբողջ քաղաքական համակարգի համար։ Այն թուլացնում է հակակշիռները, նվազեցնում իշխանության հաշվետվողականությունը և նեղացնում հասարակության իրական քաղաքական ընտրությունը։

Երկար-բարակ գրելուց հետո այնուամենայնից մնում է հարցը՝

Ի՞նչ եղավ Հայաստանի թիմ մեկ ընդդիմադիր ուժի առաջնորդի Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը:

Այդ հարցի պատասխանը պետք է փնտրել Սամվել Կարապետյանի հայտարարությունների և գործողությունների մեջ։

Նիկոլ Փաշինյանի անձնագիրը այստեղ ոչինչ չի բացատրում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ