![]()
2026թ. սեպտեմբերի 23-ին Հունգարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելություն։
Ինչպես հայտնել է դեսպանությունը, Հայաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը ներկա են գտնվել Հունգարիայի Ազգային ժողովի պատգամավորներ և կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, կրթության, գիտության և արվեստի ոլորտների գործիչներ, գործարար համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հունգարիայի հայ համայնքի կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ։


«Ողջույնի իր խոսքում Հունգարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հայկակ Արշամյանն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի խորհրդին՝ ընդգծելով անկախ պետականության և ինքնիշխանության ամրապնդման, ինչպես նաև երկրի տնտեսական ներուժի զարգացման և տնտեսության բազմազանեցման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ռազմավարական առաջնահերթությունները։
Միջոցառման պատվավոր հյուր, Հունգարիայի արտաքին գործերի նախարարության երկկողմ հարաբերությունների հարցերով պետքարտուղար Կլարա Բրոյերը, շնորհավորելով Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և ժողովրդին մաղթեց հաջողություն՝ անվտանգ, կայուն և բարեկեցիկ ապագայի կերտման ճանապարհին։



Ընդունելության ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան շփվելու, քննարկելու Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր և ընդգծելու երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական կապերի կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
![]()