Կասեցվել է «Արզնի կաթնամթերք»-ի գործունեությունը․ ինչ խախտումներ են հայտնաբերվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Երևան, Նոր Նորք):

«Այստեղ հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն անհամատեղելի են սննդամթերքի արտադրության հետ:

Ի մասնավորի՝
— արտադրամասի և պահեստային հատվածի պատերի, հատակի մակերևույթի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, ունեցել են վնասված, անհարթ հատվածներ,
— առաստաղը եղել է վնասված, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, մասնիկների թափվելու վտանգը,
— բացվող ներքին պատուհանը և օդահեռացման համակարգի կողային հատվածները չեն ունեցել պաշտպանիչ միջատապաշտպան ցանցեր,
— կոյուղու համակարգի մի հատված նախագծված չի եղել այնպես, որպեսզի բացառվի սննդամթերքի աղտոտման ռիսկը,
— սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,
— սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման, կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, ունեցել են վնասված հատվածներ։

«Արզնի կաթնամթերք» ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ու կաթի և կաթնամթերքի արտադրամասը համապատասխանեցնել իրավական ակտերով սահմանված նորմերին:

Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ»,- ասվում է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ