Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը

Արմավիրի քաղաքապետը և նրա տեղակալը առանց համայնքի ավագանու կողմից համայնքի սեփականություն հանդիսացող գույքն օտարելու մասին որոշում կայացնելու 2006-2009 թվականների ընթացքում Արմավիր քաղաքին սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր 9790 քմ մակերեսով տարածքներից 18 հողատարածք օտարել են տարբեր անձանց:

Այս մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից։

2025 թվականի մարտի 20-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական վարույթին զուգահեռ Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում 18 հողատարածքների վերաբերյալ հայցադիմումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան:

Հայցերից մեկը, որը վերաբերում է Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողամասի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջին, Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի սեպտեմբերի 24-ի վճռով բավարարվել է. անվավեր է ճանաչվել Արմավիր համայնքի կողմից կատարված՝ Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող՝ 50 քմ մակերեսով հողատարածքի աճուրդը և որպես աճուրդի անվավերության հետևանք անվավեր են ճանաչվել Արմավիր համայնքի և ֆիզիկական անձի միջև 2009 թվական հոկտեմբերի 1-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրն ու պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող 50 քմ մակերեսով հողամասը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ