Առգրավվել են 2 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 19:45-ին, մայրաքաղաքի Սիլիկյան թաղամասում իրավապահները կանգնեցրել են Ջերմուկի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի վարած BMW մակնիշի ավտոմեքենան, սակայն վարորդը դիմել է փախուստի։ Այդ ընթացքում մեքենայի ուղևորը՝ Լոռու մարզի Հագվի գյուղի բնակիչ 34-ամյա տղամարդը, մեքենայից նետել է երկու փաթեթ։

«Փախուստը, իհարկե, կարճ տևեց։ Երկուսն էլ ձերբակալվեցին ու տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին, իսկ մեքենան կապարակնքվեց պահպանվող հատուկ տարածքում։

Քննչական գործողության արդյունքում պարզվեց, որ մեքենայից նետած փաթեթներում կային երկու կիլոգրամ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ։

Ձերբակալվածները հայտնեցին, որ մեքենայում մնացել է ևս մեկ կիլոգրամ մարիխուանա, ինչը խուզարկությամբ հայտնաբերվեց և առգրավվեց։

Երկուսն էլ կալանավորվել են, նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ