![]()
Araratnews-ի զրուցակիցն է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը
Պարոն Պետրոսյան, ինչպե՞ս կգնահատեք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանը, ձևաչափը որքանո՞վ է մնացել կենսունակ։
Այն իրավիճակում, որում ներկայում գտնվում է աշխարհը՝ բնականաբար ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հերթական նստաշրջանը ի զորու չէ որևէ էական լուծում առաջարկել աշխարհի տարբեր հատվածներում եղած հակամարտությունների հանգուցալուծման մասով․ այն ուղղակի հարթակ է տարբեր պետությունների համար՝ բարձրաձայնելու սեփական դիրքորոշումները, հիմնավորելու սեփական գործողությունները կամ այս հարթակը օգտագործելու տարբեր քաղաքական, տնտեսական և այլ առաջնահերթ հարցեր լուծելու, բանակցելու, հանդիպումներ անցկացնելու համար։
ՀՀ վարչապետի ելույթի հիմնական շեշտադրումները որո՞նք էին ու ի՞նչ կարող էինք առավելագույնը ակնկալել։
Վարչապետի ելույթը միտված էր Հայաստանում և դրա շուրջ ձևավորված նոր իրողությունների շեշտադրմանը՝ առաջին հերթին Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի, ԱՄՆ ներգրավվածությամբ նոր հնարավորությունների ստեղծմանը ՀՀ-ում և տարածաշրջանում, Հայաստանի և հարևան երկրների հարաբերությունների կարևորմանը և, բնականաբար, Հայաստանի դեմ շարունակվող մարտահրավերների վերհանմանը․ այսինքն՝ բավականաչափ դրական ելույթ էր, որի հիմնական նպատակը Հայաստանը և տարածաշրջանը որպես նոր իրողությունների համապատասխան խաղաղության խաչմերուկ դիրքավորելը և դրական օրակարգով աշխարհի տարբեր գործընկերներին դեպի ՀՀ և տարածաշրջան հրավիրելուն էր միտված։
Վարչապետը մանրամասն խոսեց նաև երկաթուղիների բացման հնարավորություններից, բայց գիտենք, որ այդ առումով ՌԴ-ի հետ կապված խնդրահարույց է իրավիճակը։
Եթե նկատեցիք, այդ ելույթում չնշվեց Ռուսաստանի դիրքորոշմամբ պայմանավորված խնդիրների մասին, հակառակը՝ նշվեց, որ Հայաստանը պատրաստվում է իր տարածքում բոլոր ենթակառուցվածքները նախապատրաստել ապաշրջափակման և դա շատ ճիշտ դիրքավորում էր, քանի որ տվյալ դեպքում դու խոսում ես քո երկրի տնտեսական գրավչության մասին, բայց միևնույն ժամանակ առաջ ես քաշում խնդիրներ, որոնք չես կարողանում կատարել՝ քո խոսքի առաջին հատվածի բովանդակությունը կորցնում է իմաստը, հետևաբար՝ այս պարագայում ճիշտ է, անկախ ամեն ինչից, Հայաստանի համար էական է տարածաշրջանում խաղաղության իրավիճակը և նոր համագործակցությունների հնարավորությունը, ու Հայաստանը իր բոլոր ջանքերը ներդնելու է այդ միջավայրի առաջմղմանը և հանգուցալուծմանը։
Վարչապետը հաստատեց Թուրքիայի նախագահի՝ նախորդ օրը այդ նույն ամբիոնից արած հայտարարարությունը, որ վճռականորեն առաջ է մղվում երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը. արդյոք էակա՞ն էր, որ Էրդողանը այդ ամբիոնից նման հայտարարություն արեց։
Դա Թուրքիայի քաղաքական օրակարգի մասով է, իսկ Թուրքիան իրեն փորձում է դիրքավորել որպես տարածաշրջանում կարևոր և ազդեցիկ պետություն, որը բոլոր հարևանների հետ ունի դրական հարաբերություններ, որը ձգտում է խաղաղության, տարածաշրջանային համագործակցության, որովհետև Էրդողանի ելույթի որոշակի հատված միտված էր աշխարհում եղած կոնֆլիկտների՝ հատկապես իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտի և Իսրայելի գործողությունների քննադատությանը և ի հակադրություն դրա՝ նա ներկայացնում էր Թուրքիայի դիրքավորումը։ Դրանով պայմանավորված պետք է հղել դրական ուղերձներ՝ այդ թվում Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորմամբ շահագրգռված լինելու, այդ թվում՝ տարածաշրջանում Թուրքիայի միակ խնդրի՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։
Հաշվի առնելով, որ Թուրքիայում հայ և թուրք գործարարների մասնակցությամբ համաժողով էր եղել և հիմա ՀՀ-ում է սպասվում այն, այս առումով խնդրահարույց չէ, որ սահմանը շարունակում է փակ մնալ, բայց Ադրբեջանից ՀՀ որոշ ապրանքներ գալիս են։
Ինչպես Թուրքիայի, նաև Ադրբեջանի հետ առևտուրը տեղի է ունենում Վրաստանի տարածքով և բովանդակային նոր բան ակնկալելը ճիշտ չի լինի։ Իսկ այն, որ գործարար շրջանակների միջև կապերի ակտիվացումը առաջնահերթություն է երկու երկրների համար՝ այդ մասին անգամ շեշտվել է Փաշինյան-Էրդողան հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրության մեջ՝ դա միանշանակ է, իսկ գործարար շփումները առարկայացնում են երկրների դիրքորոշումները։
Վարչապետը նաև հումանիտար խնդիրներից խոսեց, այդ թվում՝ գերիների, սա նշանակու՞մ է արդյոք, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկկողմ ձևաչափում թեման չեն քննարկում, այդ պատճառով վարչապետը վեհաժողովում հայտարարեց այդ մասին։
Գերիների խնդիրը և այդ թվում մշակութային ժառանգության հարցը թվարկվել են վարչապետի կողմից՝ նշվելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններում եղած տարբեր խնդրահարույց հարցերի շարքում․կարծում եմ դրա նպատակը ավելի շատ վերջին շրջանում երկու երկրների միջև եղած լարվածությունը հաղթահարելու նպատակին էր ուղղած և այդ համատեքստում է եղել․ այսինքն՝ երկու երկրների միջև եղած տարբեր խնդիրների շարքում թվարկվել է գերիների խնդիրը, իսկ որքանով ես եմ տեղեկացված, այդ խնդիրները զգայուն են և մշտապես բարձրաձայնվում են երկու երկրների բանակցությունների տարբեր ձևաչափերում։
![]()