![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ռազմածովային ուժերի զորավարժությունների ընթացքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:
Հեռագրում ասվում է. «Խոր վշտով տեղեկացա Ղազախստանի Հանրապետության ռազմածովային ուժերի զորավարժությունների ընթացքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով մարդկային զոհերի մասին։
Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին, ինչպես նաև Ղազախստանի բարեկամ ժողովրդին։
Այս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ ու տոկունություն։
Մաղթում եմ շուտափույթ ապաքինում վիրավորում ստացած զինծառայողին և հույս հայտնում, որ անհետ կորած զինծառայողները հնարավորինս շուտ և անվտանգ կհայտնաբերվեն»։
Հիշեցնենք՝ Ղազախստանի Մանգիստաուի շրջանում ռազմածովային ուժերի զորավարժության ժամանակ եղանակային վատ պայմանների պատճառով Կասպից ծովի ալիքներն ափից քշել, տարել են 19 զինծառայողի։ Հաստատվել է 9 զինծառայողի մահը, երեքին հաջողվել է փրկել, նրանցից մեկը հոսպիտալացվել է, մյուսներն անհետ կորած են:
![]()