![]()
Ըստ ՀԱՍԵ փաստացի պետի կողմից 2000թ. հաստատված «Նախաշավիղ» կանոնադրության 13-րդ հոդվածի՝ Կաթողիկոսը «տերն է ու միակ պատասխանատուն Մայր Աթոռի կալվածքների, անշարժ և շարժական բոլոր հարստությունների»։ Նույն հոդվածով սահմանված է, որ «որևէ կալվածական գործողություն, վճարում, գանձում և դրամական որևէ գործառնություն կատարվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ստորագրությամբ և կնիքով միայն»։ Այս կանոնադրությունը Ազգային-Եկեղեցական ժողովը երբևէ չի վավերացրել։
Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի հրապարակած զեկույցում արձանագրված է, որ վերահսկողության մեխանիզմն ինքնին կառուցված է վերահսկվողի շուրջ։ Մայր Աթոռի տնտեսական գործունեությունը վերահսկող Վերստուգիչ հանձնաժողովի կազմը նշանակում է Կաթողիկոսը (հոդված 33)։ Եկեղեցու տնտեսական վիճակի նկատմամբ իրավասություն ունեցող միակ մարմինը՝ ԱԵԺ-ն, 1999 թվականից ի վեր չի գումարվել։
Եկամուտների կառուցվածքի մասին պատկերացում տալիս է ինքը՝ Մայր Աթոռը։ 2024թ. մայիսին Վերստուգիչ հանձնախմբի ատենապետ Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը հայտարարեց, որ մոմի և պարագաների վաճառքից ստացված եկամուտը փակում է ծախսերի ընդամենը 10-15 տոկոսը։ Մնացածը ֆինանսավորվում է նվիրատվությունների և հանգանակությունների հաշվին, որոնք օրենքով հարկվող եկամուտ չեն համարվում։ Եպիսկոպոսի խոսքով՝ դրանց մասին հաշվետվությունները ներկայացվում են նվիրատուներին, ոչ թե հանրությանը։
Զեկույցում ներկայացված են նաև հետևյալ փաստերը.
• Կառավարության առաջարկը. 2024թ. մայիսին Կառավարությունը Եկեղեցուն առաջարկեց ներդնել հարկային հաշվառում և պարտավորվեց հավաքագրված հարկերն ամբողջությամբ վերադարձնել Եկեղեցուն։ Մայր Աթոռի պաշտոնական արձագանքում առաջարկի մերժման հիմքերը չեն պարզաբանվել։ 2026թ. ապրիլին վարչապետը կրկնեց առաջարկը։
• Հարկային պահանջը. 2026թ. Մայր Աթոռին ներկայացվեց շուրջ 220 միլիոն դրամի հարկային պահանջ, և այն վճարվեց։ Փաստը հաստատել է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի ղեկավարը։
• Swiss Leaks. Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) 2015թ. հետաքննության համաձայն՝ շվեյցարական HSBC բանկում «His Holiness Karekin II Nersis» անվամբ հաշվին 2006-2007թթ. եղել է 1,1 միլիոն դոլար։ Մայր Աթոռի խոսնակը հայտարարել է, որ հաշիվը բացվել է բարեգործական նպատակներով։ Եկեղեցին հրապարակային ֆինանսական հաշվետվություններ չի հրապարակում, ուստի նման միջոցների տնօրինումը հանրության համար ստուգելի չէ։
• Թեմերի գույքը. Թեմերի գույքը կենտրոնացվել է Մայր Աթոռի տնօրինության ներքո, և բարերարների գումարները թեմերին հասնում են միայն Մայր Աթոռի հաշվի միջոցով։
Այս համակարգի պայմաններում խիստ անհավասար է նաև հոգևորականների վիճակը։ Թեմերում ծառայող քահանաները, ըստ իրենց իսկ վկայությունների, աշխատավարձ չեն ստանում։ Հանրային դրամահավաքներ են կազմակերպվում հոգևորականների և նրանց երեխաների բուժման համար։
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցն առաջարկում է իրականացնել Եկեղեցու գույքի լիարժեք գույքագրում և անկախ աուդիտ։ Առաջարկվում է նաև ստեղծել ընտրովի վերստուգիչ մարմին, որը պարտադիր կհրապարակի տարեկան հաշվետվություն։
![]()