![]()
Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (ՀԱՍԵ) գերագույն կանոնադիր մարմինը Ազգային-Եկեղեցական ժողովն է (ԱԵԺ)։ Այդ կարգավիճակն ամրագրված է 1945թ. «Ազգային-Եկեղեցական ժողով գումարելու հատուկ կանոնադրությամբ»։
Նույն կանոնադրության համաձայն՝ ԱԵԺ-ն է ընտրում Ամենայն հայոց կաթողիկոսին և Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) անդամներին, հաստատում Եկեղեցու Սահմանադրությունը և կարգավորում Եկեղեցու տնտեսական վիճակը։ ԱԵԺ-ում հոգևորականների կողքին ընդգրկված են նաև ժողովրդից ընտրված աշխարհական պատգամավորներ։
Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի հրապարակած զեկույցում փաստագրված է, որ ԱԵԺ-ն վերջին անգամ գումարվել է 1999թ. հոկտեմբերին՝ 445 պատգամավորի մասնակցությամբ։ Այդ ժողովն ընտրել է ՀԱՍԵ ներկայիս փաստացի պետին։ Այդ օրվանից ի վեր գերագույն մարմինը չի գումարվել։
Հետաձգումների ընթացքը երևում է Մայր Աթոռի սեփական հաղորդագրություններից.
2018թ. նոյեմբեր. ԳՀԽ-ն որոշեց 2019թ. գումարել ԱԵԺ «Հայոց Եկեղեցին 21-րդ դարում. ներկա և ապագա» խորագրով։
2019թ. մարտ. ժողովը հետաձգվեց մինչև 2020թ. նոյեմբեր։ Որպես պատճառ նշվեցին նախապատրաստական աշխատանքների ծավալը և Մայր Տաճարի վերանորոգումը։
2020թ. ժողովը կրկին չգումարվեց, այս անգամ համավարակի և պատերազմի պատճառաբանությամբ։ Այդ ժամանակից ի վեր նոր ամսաթիվ չի հայտարարվել։
Մայր Տաճարը վերաօծվել է 2024 թ. սեպտեմբերին, այսինքն՝ որպես պատճառ բերված խոչընդոտներից ոչ մեկն այլևս առկա չէ, բայց ժողովը հրավիրված չէ։ Գործող կանոնադրությամբ ԱԵԺ-ն հրավիրելու իրավունքը միայն կաթողիկոսինն է, ուստի Եկեղեցու գերագույն մարմնի գործունեությունը փաստացի կախված է մեկ անձի կամքից։
Խափանումը չի սահմանափակվում միայն ԱԵԺ-ով.
Եպիսկոպոսաց ժողով. 1999 թվականից հետո գումարվել է ընդամենը երկու անգամ՝ 2013 և 2014 թթ.։
Եկեղեցական-ներկայացուցչական ժողով. վերջին անգամ գումարվել է 2017թ., թեև կանոնադրությունը պահանջում է այն գումարել երկու տարին մեկ։
Գերագույն հոգևոր խորհուրդ. անդամները 2017թ. ընտրվել են չորս տարի ժամկետով, որն ավարտվել է 2021 թ.։ Դրանից հետո խորհրդի կազմը ձևավորվում է նշանակումներով։
Կանոնադրական փաստաթղթեր. 1999 թվականից ի վեր ընդունված փաստաթղթերից և ոչ մեկը չի վավերացվել ԱԵԺ-ի կողմից, այդ թվում՝ «Նախաշավիղ» կանոնադրությունը, ԵՆԺ-ի և ԳՀԽ-ի կանոնադրությունները և «Ուղենիշը»։
Թեմերում պատկերը նույնն է։ Հայաստանի 12 թեմերից ոչ մեկը չի հրապարակում թեմական ժողովների կամ խորհուրդների ընտրության մասին տեղեկություն։
Համեմատության համար ԱՄՆ Արևելյան թեմը 2026թ. գումարել է իր 124-րդ թեմական ժողովը, իսկ Արևմտյան թեմը՝ 99-րդը։
Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի հրապարակած զեկույցը լուծումը տեսնում է կանոնական կառավարման վերականգնման մեջ։ Առաջարկվում է ամրագրել ԱԵԺ-ի պարտադիր պարբերականություն և մեխանիզմ, որով ժողովը կարող է գումարվել նաև թեմերի կամ եպիսկոպոսների պահանջով՝ կաթողիկոսի կամքից անկախ։
![]()