Պատրաստ ենք իրենց շատ լավ ընդունել, որովհետև իրենք մեր ներկայացուցիչներին Ադրբեջանում լավ են ընդունել․ Ալեն Սիմոնյան

«Այնպես չէ, որ մեր հասարակության մեջ չկա լարվածություն Ադրբեջանի նկատմամբ։ Ասեմ ավելին, մեր խորհրդարանական ներկայացուցիչների մոտ էլ լարվածություն կա, դա մենք շատ հաճախ տեսնում ենք։ Շատ հաճախ մենք չենք տեսնում մեր լարվածությունը, տեսնում ենք հակառակ կողմի լարվածությունը»։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններում հավանական լարվածության առկայության մասին հարցին։

«Ինչ վերաբերում է մշակույթին ու քրիստոնեական ժառանգությանը, ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ մեկը ասի, որ հայերը առաջին քրիստոնյա ազգը չեն, ես չեմ ընկնելու բովանդակային քննարկման մեջ, որովհետև որևէ մեկին ապացուցելու բան չունեմ, որովհետև ամբողջ աշխարհը գիտի, որ Հայաստանը քրիստոնեությունը պետականորեն ընդունած առաջին երկիրն է։ Սա ասում եմ, որովհետև համարում եմ, որ ոչ բոլոր խոսակցությունների մեջ մենք պետք է մտնենք։ Քաղաքականության մեջ այդպիսի բան կա․ եթե դու մտնում ես ինչ-որ խոսակցության մեջ, ապա դու դրանով ընդունում ես, որ այդտեղ խնդիր կա, կասկած կա կամ քննարկելու բան կա։ Ես քննարկելու բան չունեմ․ Հայաստանը առաջին քրիստոնյա պետությունն է, և դա ֆիքսված է համաշխարհային պատմության մեջ»,- ասաց ԱԽ քարտուղարը։

Սիմոնյանը նաև նշեց, որ Հայաստանում սպասում են Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների այցին։

«Պատրաստ ենք իրենց շատ լավ ընդունել, որովհետև իրենք մեր ներկայացուցիչներին Ադրբեջանում լավ են ընդունել»,- նշեց ԱԽ քարտուղարը։

Նա նաև հավելեց, որ բանակցային գործընթացի մեծամասնությունը թափանցիկ է, իսկ քննարկվող հարցերի մեծ մասը հասանելի է ժողովրդին։

«Պահվող անձանց և գերիների հետ կապված հարցերը հաճախ չենք բարձրաձայնում, որովհետև դրանք զգայուն հարցեր են, բայց 99 տոկոսով այն, ինչ խոսում ենք այնտեղ, խոսում ենք բաց, որպեսզի նաև մեզ ապահովագրենք քաղաքական առումով։ Չստացվի, որ բան կար, որը չի ասվել»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ