Մենք պետք է ընդունենք՝ օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում հայ-ռուսական հարաբերություններում. Փաշինյան

«Հայաստանը ցանկանում է խորացնել ու տրասֆորմացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ»։

Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ռուսական «Իզվեստիա»-ի լրագրողի հարցին, թե ինչպիսի՞ն կլինեն առաջիկայում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները՝ հաշվի առնելով այն, որ ՀՀ-ն ձգտում է մերձենալ Եվրամիության հետ։

«Մենք ասել ենք, որ ցանկանում ենք դիվերսիֆիկացնել մեր արտաքին կապերը՝ համապատասխան մեր արտաքին քաղաքականության, որը մենք անվանում ենք բալանսավորման քաղաքականություն։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, մենք ցանկանում ենք զարգացնել և խորացնել դրանք։

Մենք պարզապես պետք է ընդունենք, որ օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում, որովհետև մինչև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումը՝ մեր հարաբերությունները կենտրոնացած էին բացառապես, այսպես ասած, 90%-ով անվտանգության հարցերի վրա։

Հիմա, խաղաղ միջավայրում, տեղի է ունենում հարաբերությունների օբյեկտիվ տրանսֆորմացիա»,- ասել է Փաշինյանը։ Նա ընդգծել է, որ Հայաստանը կառուցողական է տրամադրված։ «Մենք ցանկանում ենք կառուցողական կերպով տրանսֆորմացնել և խորացնել ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները։ Եվ մենք ցանկանում ենք խորացնել Ռուսաստանի Դաշնության հետ մեր բարեկամական, եղբայրական հարաբերությունները։ Ահա այսպիսին են այս հարցի վերաբերյալ մեր ընկալումները»,- հայտարարել է ՀՀ վարչապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ