![]()
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի սահմանված կարգով գրավոր հրաժարվել պատվաստումից, սակայն այդ իրավունքը չի տարածվում համաճարակաբանական ցուցումով իրականացվող պատվաստումների վրա, որոնք օրենքով պարտադիր են։ Դրանցից ազատվում են միայն բացարձակ հակացուցում ունեցող անձինք։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, պատվաստումների հետ կապված իրավունքներն ու պարտականությունները սահմանված են «Հանրային առողջապահության մասին» օրենքով, իսկ պատվաստումների ազգային օրացույցը՝ Կառավարության հաստատած 2026-2030 թվականների իմունականխարգելման ազգային ծրագրով։
Ովքե՞ր են համարվում իմունականխարգելման ենթակա
Օրենքով իմունականխարգելման ենթակա է կոնկրետ պատվաստանյութի նկատմամբ բացարձակ հակացուցում չունեցող յուրաքանչյուր անձ։ Այսինքն՝ հարցը կապված է ոչ թե տարիքի կամ որևէ խմբի, այլ առանձին պատվաստանյութի հետ. նույն անձը մեկ պատվաստանյութի նկատմամբ կարող է լինել ենթակա, մեկ ուրիշի նկատմամբ՝ ոչ։
Բացարձակ հակացուցումը, ըստ օրենքի, հազվադեպ հանդիպող ախտաբանական վիճակ է, որը կարող է մեծացնել ծանր հետպատվաստումային անբարեհաջող դեպքի առաջացման ռիսկը։ Հակացուցումների ցանկը սահմանում է առողջապահության նախարարը։
Ո՞ր պատվաստումից կարելի է հրաժարվել
Օրենքով իմունականխարգելման ենթակա անձինք իրավունք ունեն սահմանված կարգով գրավոր հրաժարվել պատվաստումից, այդ թվում՝ իրենց օրինական ներկայացուցիչների միջոցով, բացառությամբ համաճարակաբանական ցուցումով իրականացվողների։ Հրաժարվելու կարգը սահմանվում է հանրային առողջապահական նորմատիվներով։
Այսինքն՝ հրաժարվելու իրավունքը գործում է ազգային օրացույցով նախատեսված պլանային պատվաստումների նկատմամբ, օրինակ՝ երեխաների տարիքային պատվաստումների կամ չափահասների համար նախատեսված դիֆթերիայի և փայտացման դեմ պատվաստման։
Ո՞ր պատվաստումից հրաժարվել չի կարելի
Օրենքով համաճարակաբանական ցուցումով պատվաստման ենթակա անձինք պարտավոր են պատվաստվել հանրային առողջապահական նորմատիվներով սահմանված դեպքերում՝ բացառությամբ բացարձակ հակացուցում ունեցող անձանց։
Համաճարակաբանական ցուցումով պատվաստումը ազգային օրացույցից դուրս արտահերթ պատվաստում է, որը կարող է լինել զանգվածային, վերաբերել բնակչության որոշակի խմբերի կամ առանձին անձի։ Այն կատարվում է հանրային առողջապահական նորմատիվներով սահմանված դեպքերում կամ երբ պայմանավորված է բռնկմամբ, համաճարակով, համավարակով, հիվանդությամբ կամ հիվանդության առաջացման վտանգով։
Ազգային ծրագրի համաձայն՝ բացառապես համաճարակաբանական ցուցումով են իրականացվում սեզոնային գրիպի, կորոնավիրուսային հիվանդության և կատաղության դեմ պատվաստումները։ Դրանցից բացի՝ համաճարակաբանական ցուցումով կարող են իրականացվել նաև վիրուսային հեպատիտ Ա-ի և Բ-ի, կարմրուկի, կարմրախտի և խոզուկի, ջրծաղիկի, դիֆթերիայի և փայտացման, պնևմակոկային և մենինգակոկային վարակների, մարդու պապիլոմավիրուսային վարակի ու տուլարեմիայի դեմ պատվաստումները։ Կոնկրետ դեպքերը սահմանում է առողջապահության նախարարը։
Կատաղության դեպքում ծրագիրը նախատեսում է նաև հետազդակային պատվաստումներ՝ կենդանու կողմից տուժած անձանց համար, ամբողջական կուրսը՝ 0, 3, 7, 14 և 28-րդ օրերին, իսկ եթե կենդանին տուժելուց հետո 10 օրվա ընթացքում չի սատկել՝ պայմանական կուրս՝ 0, 3 և 7-րդ օրերին։
Ի՞նչ պատվաստումներ են ներառված ազգային օրացույցում
Ազգային ծրագրով պլանային պատվաստումների միջոցով կառավարելի վարակիչ հիվանդություններն են պոլիոմիելիտը, դիֆթերիան, կապույտ հազը, փայտացումը, կարմրուկը, կարմրախտը, խոզուկը, ջրծաղիկը, վիրուսային հեպատիտները, տուբերկուլոզը, հեմոֆիլուսային, ռոտավիրուսային, մենինգակոկային և պնևմակոկային վարակները, տուլարեմիան, սեզոնային գրիպը, մարդու պապիլոմավիրուսային վարակը, կորոնավիրուսային հիվանդությունը և կատաղությունը։
Օրացույցն սկսվում է ծննդից. հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումը կատարվում է ծնվելուց հետո 24 ժամվա, տուբերկուլոզի դեմ՝ 48 ժամվա ընթացքում։ Կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ առաջին դեղաչափը տրվում է 12 ամսականում, երկրորդը՝ 4-6 տարեկանում։ Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումը նախատեսված է 13 տարեկանից 15 տարեկան աղջիկների համար։ Չափահասների համար դիֆթերիայի և փայտացման դեմ պատվաստումը կատարվում է 26, 36, 46, 56, 66 և 76 տարեկանում, այնուհետև՝ յուրաքանչյուր 10 տարին մեկ։
Ի՞նչ պարտականություններ ունեն ծնողները և խնամակալները
Օրենքով անձինք կամ նրանց օրինական ներկայացուցիչները պարտավոր են ապահովել իրենց, իրենց երեխաների, օրենքով սահմանված կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց, ինչպես նաև իրենց խնամակալության, խնամատարության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց մասնակցությունը հիվանդությունների իմունականխարգելմանը։
Ի՞նչ իրավունքներ ունի պատվաստվողը
Անձն իրավունք ունի ստանալու հավաստի և լիարժեք տեղեկատվություն պատվաստումների, բացարձակ հակացուցումների, հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի և հիվանդությունների հնարավոր ռիսկերի վերաբերյալ։
Նա իրավունք ունի ստանալու կանխարգելիչ պատվաստումների վկայական կամ պատվաստման և կանխարգելման միջազգային վկայական, իսկ պատվաստման հետ պատճառահետևանքային կապ ունեցող հետպատվաստումային անբարեհաջող դեպքի ժամանակ՝ պետության երաշխավորած անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում։ Կարելի է նաև կամավոր և վճարովի հիմունքներով ստանալ ազգային օրացույցում չընդգրկված պատվաստումներ։
Ազգային օրացույցով և համաճարակաբանական ցուցումով պատվաստումները պետությունը երաշխավորում է անվճար պայմաններով, մնացած բոլոր դեպքերում պատվաստումները վճարովի են։
Ինչպե՞ս ստանալ պատվաստումների վկայականը
Ազգային ծրագրով կատարված պատվաստումները գրանցվում են էլեկտրոնային առողջապահության համակարգում, և առաջին պատվաստման տվյալները մուտքագրելուց հետո համակարգն ինքնաշխատ ձևավորում է կանխարգելիչ պատվաստումների վկայական։ Այն կարելի է ստանալ պատվաստում իրականացրած բժշկական կազմակերպությունից՝ պատվաստումից հետո 24 ժամվա ընթացքում, ցանկացած պահի տպել կամ ստանալ թղթային տարբերակը։
Ի՞նչ է սահմանված օտարերկրացիների համար
Օտարերկրյա պետությունից ժամանող օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց, բացի բացարձակ հակացուցում ունեցողներից, կարող է ներկայացվել պարտադիր պատվաստման պահանջ, եթե Կառավարությունն այն հաստատել և հրապարակել է արտաքին գործերի նախարարության կայքում՝ ժամանելուց առնվազն 10 օր առաջ։ Պատվաստումից հրաժարվելու դեպքում նրանց մուտքը Հայաստան կարող է ժամանակավորապես մերժվել՝ մինչև պատվաստումը կամ հակացուցումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելը։
Կարո՞ղ են պատվաստել դատարանի որոշմամբ
Ոչ։ Օրենքով բժշկական զննությունից, հոսպիտալացումից և կանխարգելիչ այլ միջոցառումներից հրաժարվելու դեպքում դրանք կարող են իրականացվել դատական կարգով, սակայն նույն դրույթը հստակ բացառում է իմունականխարգելման միջոցառումները։
Ամփոփում
Ամփոփելով՝ իմունականխարգելման ենթակա է բացարձակ հակացուցում չունեցող յուրաքանչյուր անձ, ազգային օրացույցով նախատեսված պլանային պատվաստումներից կարելի է գրավոր հրաժարվել, իսկ համաճարակաբանական ցուցումով իրականացվողներից՝ ոչ, ընդ որում, ըստ ազգային ծրագրի, հենց այդ ցուցումով են կատարվում սեզոնային գրիպի, կորոնավիրուսային հիվանդության և կատաղության դեմ պատվաստումները, ծնողներն ու խնամակալները պարտավոր են ապահովել իրենց խնամքի տակ գտնվողների մասնակցությունը իմունականխարգելմանը, օրացույցով և համաճարակաբանական ցուցումով պատվաստումներն անվճար են, վկայականը ձևավորվում է էլեկտրոնային առողջապահության համակարգում և տրվում է 24 ժամվա ընթացքում, իսկ պատվաստումը դատական կարգով չի կիրառվում, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։
![]()