![]()
Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձին նվիրված Հայաստանի պետական կամերային նվագախմբի աննախադեպ համերգաշարը մեկնարկել է Հնդկաստանի Կալկաթա քաղաքի հանրահայտ Վիկտորիա Մեմորիալում։
Այս մասին հայտնել է Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունը։
![]()
Հայաստանից առաջին անգամ նման հյուրախաղերով Հնդկաստան ժամանած նվագախմբի ելույթին, ինչպես նաև Վիկտորիա Մեմորիալում առաջին անգամ անցկացվող այս համերգաշարի բացման խոսքով հանդես են եկել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանն ու Հնդկաստանի Արևմտյան Բենգալիայի կառավարության բարեկեցության վարչության քարտուղար Սանջայ Բանսալը:
Անդրադառնալով օրվա խորհրդին՝ դեսպան Աֆյանը, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի անկախության 35 տարիները ոգու ամրության, վերածննդի և անսասան նվիրումի ուղի են։
![]()
Խորհրդանշական է նաև, որ համերգաշարի մեկնարկը համընկել է Խաղաղության միջազգային օրվա հետ։ Այդ առիթով ՀՀ դեսպանը նշել է, որ Կալկաթայից մինչև Նյու Դելի, ապա՝ Չեննայ (Մադրաս), հայկական երաժշտությունը կշարունակի իր ճանապարհը՝ իր հետ տարածելով բարեկամության, խաղաղության և համագործակցության ուղերձը։
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև Հնդկաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպված համերգաշարի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է Սիփան Օլահը։
![]()
Երեկոյի ընթացքում հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Էդվարդ Միրզոյանի, Խաչատուր Ավետիսյանի, Շառլ Ազնավուրի, ինչպես նաև եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։
![]()
Համերգը մեծ ոգևորությամբ է ընդունվել հանդիսատեսի կողմից՝ արժանանալով ջերմ արձագանքների և բուռն ծափողջույնների։
![]()