Մեր բոլոր որոշումների չափանիշը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական ու հանրային շահը․ ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ուղերձ է հղել ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առթիվ:

Ուղերձում ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա և մեր պետականության վերականգնման 35-րդ տարեդարձի առթիվ։

35 տարին պետականության պատմության մեջ միաժամանակ երկար և շատ կարճ ժամանակ է ։ Բավական երկար՝ անցած ճանապարհը գնահատելու համար, և բավական կարճ՝ հասկանալու, որ անկախ պետությունը երբեք ավարտված ձեռքբերում չէ։

Անկախության օրը, հետևաբար, միայն պատմական իրադարձության խորհրդանիշ չէ։ Այն մեզ համար պատասխանատվության և պարտքի մասին մտածելու օր է։

Անկախությունը, ազատությունը, ինքնիշխանությունն ու պետականությունը ցանկացած ժողովրդի համար հիմնարար և անփոխարինելի արժեքներ են։ Հայ ժողովուրդը հազարամյակների պատմության ընթացքում անցել է պետականության կորստի ու վերականգնման, վերելքների և ծանրագույն փորձությունների միջով։ Այսօր մենք ունենք այն, ինչի համար սերունդներ շարունակ պայքարել են՝ Հայաստանի Հանրապետությունը։

Հայաստանի Հանրապետությունը պարզապես մեր ներկայի պետական կազմակերպությունը չէ։ Այն հայ ժողովրդի պատմական շարունակականության այսօրվա իրականությունն է և աշխարհասփյուռ հայության՝ սեփական պետություն ունենալու դարավոր ձգտման մարմնավորումը։ Այդ պատճառով պետությունը մեզանից յուրաքանչյուրի համար ոչ միայն իրավունք է, այլև պարտավորություն։

Անկախությունը սեփական ճակատագիրը տնօրինելու և դրա հետևանքների համար պատասխանատվություն կրելու կարողությունն է։ Ազատությունը սեփական որոշումները կայացնելու և դրանց պատասխանատվությունը ստանձնելու հնարավորությունն է։

Ինքնիշխանությունը սեփական շահը ձևակերպելու և պաշտպանելու քաղաքական կարողությունն է։

Ուստի պետականությունը մեկ անգամ ձեռք բերվող և մեկընդմիշտ ապահովված արժեք չէ։ Այն ամեն օր ստեղծվող ու ամրապնդվող իրականություն է։

Այսօր մենք իրավունք ունենք մեր պետության մասին խոսելու բաց և անկեղծ՝ տեսնելու ձեռքբերումները, ընդունելու թերություններն ու չկատարված աշխատանքը։ Դրանք շատ են։ Բայց հենց մեր պետության նկատմամբ պատասխանատվությունն է մեզ պարտավորեցնում դրանք լուծել ոչ թե միմյանցից հեռանալով, այլ աշխատելով՝ տարբեր կարծիքներով, բանավեճով և քաղաքական մրցակցությամբ։

Այս տարվա հունիսին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունները Հայաստանի քաղաքական կյանքի կարևոր հանգրվան էին։ Ժողովրդավարական գործընթացը շարունակվում է, և ընտրությունների արդյունքը նոր քաղաքական պատասխանատվություններ է ձևավորում։ Մենք կարող ենք տարբեր կերպ պատկերացնել Հայաստանի ապագան, ունենալ տարբեր քաղաքական հայացքներ ու լուծումներ, բայց այդ տարբերությունների հիմքում պետք է մնա մեկ ընդհանուր արժեք՝ Հայաստանի Հանրապետությունը։

Այսօր փոխվում է աշխարհը, փոխվում է մեր տարածաշրջանը, փոխվում են անվտանգության, տնտեսության և զարգացման պայմանները։

Այս իրողություններին դիմագրավելու համար Հայաստանին անհրաժեշտ է լինել ճկուն՝ առանց կորցնելու իր սկզբունքայնությունը, և ամուր՝ առանց կորցնելու փոփոխվելու կարողությունը։

Մենք կարող ենք և պետք է փոխենք քաղաքականություններ, բարեփոխենք ինստիտուտներ, գտնենք նոր լուծումներ։ Բայց անկախությունը, ազատությունը, ինքնիշխանությունն ու պետականությունը չեն կարող լինել իրավիճակային արժեքներ։

Մեր բոլոր որոշումների չափանիշը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական ու հանրային շահը։

Անկախության 35-րդ տարեդարձը մեզ պարտավորեցնում է երբեք չմոռանալ, թե որտեղից ենք եկել, ոգով, հավատով ու խիզախությամբ ամրագրել, թե ինչ պետություն ենք ուզում թողնել հաջորդ սերունդներին։

Մեր պատասխանատվությունն է նրանց փոխանցել ոչ միայն անկախ պետություն ունենալու փաստը, այլև ինքնիշխան, ազատ, ժողովրդավար և կարողունակ պետություն՝ իր ապագան ինքնուրույն կերտելու ներուժով։

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է։

Սա է անկախության իմաստը։

Սա է մեր պետական պարտքը։

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և աշխարհասփյուռ հայությանը Անկախության օրվա առթիվ։

Խաղաղություն և ամրություն մեր պետությանը, ազատություն և արժանապատվություն՝ մեր քաղաքացիներին։

Փառք նահատակներին և Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ