![]()
ՌԴ Պետդումայի ընտրություններից հետո մշակվել է արձանագրությունների ավելի քան 83 %-ը, որոնց արդյունքներով՝ իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է քվեների 57,85%-ը։
Այս մասին հայտնել է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Երկրորդ տեղում Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունն է (13,83%), որին հաջորդում են Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, «Նոր մարդիկ» (7,96%) և «Արդար Ռուսաստան» (4,99%) կուսակցությունները:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Պետդումայի ընտրություններում արտերկրում գործող տեղամասերի շաչքում ամենաակտիվներից է եղել Երևանի դեսպանատան տարածքում գործող ընտրատեղամասը։
«Արտասահմանում ամենաակտիվ ընտրատեղամասերի շարքում առաջատար են Երևանը, Բելգրադը, Կիպրոսը, Քիշնևը, Փհենյանը, Պհուկետը և Ղազախստանը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ 9-րդ գումարման Պետդումայի պատգամավորների ընտրությունների քվեարկությունը սկսվել էր սեպտեմբերի 17-ից և տևել 3 օր: Այն եղել է առցանց, հեռավար և թղթային տարբերակներով:
Սեպտեմբերի 20-ը վերջին օրն էր։ Ընտրություններին դաշնային կուսակցական ցուցակներով մասնակցել է 10 կուսակցություն՝ «Միասնական Ռուսաստան» (Единая Россия), Ռուսաստանի Լիբերալ–դեմոկրատական կուսակցություն (ЛДПР), «Ուղիղ ժողովրդավարության կուսակցություն» (Партия прямой демократии), «Կանաչներ» (Зеленые), «Արդար Ռուսաստան» (Справедливая Россия), «Հայրենիք» (Родина), ՌԴ Կոմունիստական կուսակցություն (КПРФ), «Թոշակառուների կուսակցություն» (Партия пенсионеров), «Ռուսաստանի կոմունիստներ» (Коммунисты России) և «Նոր մարդիկ» (Новые люди)։
Ընդհանուր առմամբ պետք է ընտրվի Պետդումայի 450 պատգամավոր․ 225-ը՝ համամասնական ցուցակներով, ևս 225-ը՝ մեծամասնական ընտրատարածքներով։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5%-ի շեմը։
Պետդումայի ընտրությունների վերջնական արդյունքները կլինեն սեպտեմբերի 25-ին:
![]()