Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին, մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը. Ռուբիո

«Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն»:

Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ ՀՀ Անկախության տոնի առթիվ հղած շնորհավորական ուղերձում։

«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։

Միացյալ Նահանգները Հայաստանի հետ միասին տոնում է անկախությունը վերականգնելուց ի վեր անցած 35 տարին և արժևորում այն զարգացումը, որն արձանագրել է ձեր երկիրը դեպի ավելի խաղաղ, բարգավաճ և ժողովրդավարական ապագա տանող ճանապարհին:

Այն պատմական առաջընթացը, որին մենք միասին հասել ենք անցած տարվա ընթացքում, ցույց է տալիս, թե ինչ է հնարավոր, երբ մենք աշխատում ենք հանուն խաղաղության և բարգավաճման ընդհանուր տեսլականի: Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը, տնտեսական կապակցվածության ամրապնդմանը, ամերիկյան ներդրումների խրախուսմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն:

Գալիք տարիներին մենք ակնկալում ենք խորացնել մեր երկու երկրների միջև գործընկերությունը։ Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին այս կարևոր ազգային տոնի կապակցությամբ»,-նշվում է ուղերձում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ