Եկեղեցու վերաբերյալ զեկույցի նախագիծը պատրաստ է, ստեղծված իրավիճակը սարսափելի է. Փաշինյան

«Բուն TV»-ին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում ստեղծված իրավիճակը սարսափելի է, եկեղեցին «բռնազավթված է»։

Փաշինյանը նշել է, որ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն իր հանձնարարությամբ պատրաստել է զեկույց՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա լուծման ուղիների վերաբերյալ։

«Իրավիճակը, որը մենք ունենք այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում, պարզապես սարսափելի է, որովհետև մեր եկեղեցին բռնազավթված է»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ խնդիրը պետք է լուծվի, այդ թվում՝ օրենքում փոփոխություններ կատարելու միջոցով։

Փաշինյանը նաև հայտնել է, որ հարցը նախնական քննարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում և չի բացառել, որ զեկույցի հրապարակումից հետո Ազգային ժողովում կարող է ստեղծվել քննիչ հանձնաժողով։

Լրագրողի հարցին, թե ում կողմից է, իր ձևակերպմամբ, եկեղեցին «բռնազավթված», Փաշինյանը պատասխանել է՝ «Կտրիճ Ներսիսյանի կողմից»։

Անդրադառնալով եկեղեցու առաջնորդության և ռուսական հնարավոր ազդեցության վերաբերյալ հարցերին՝ Փաշինյանը նշել է, որ այդ թեմային ևս զեկույցում անդրադարձ կա։ Նա միաժամանակ պնդել է, որ առնվազն ընտրական օրենսդրության խախտում է տեղի ունեցել, քանի որ, իր խոսքով, կրոնական կազմակերպություններն իրավունք չունեն զբաղվելու քաղաքական քարոզչությամբ։

Փաշինյանը նաև հիշատակել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբորը՝ Եզրաս Ներսիսյանին, և ասել, որ Ազգային անվտանգության ծառայությունն իր արխիվներից հրապարակել է տեղեկություն, ըստ որի՝ նա եղել է Խորհրդային Միության ԿԳԲ-ի գործակալ։ Փաշինյանի խոսքովէ պետք է հաշվի նստել Եկեղեցու ղեկավարության փոփոխության վերաբերյալ հարցադրմանը:

Միաժամանակ վարչապետն ասել է, որ որ օրենսդրական փոփոխություն կատարելու համար պարտադիր չէ, որ գործող օրենքում արդեն իսկ նման դրույթ նախատեսված լինի։

«Կառավարությունը ունի օրենսդրական գործունեության հնարավորություն, և Կառավարությունը կարող է արձանագրել իր քաղաքական կամքը»,- ասել է Փաշինյանը։

Նա նաև անդրադարձել է Սահմանադրության այն դրույթին, ըստ որի՝ պետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունները կարգավորվում են օրենքով։ Նրա խոսքով՝ այդ դրույթը հնարավորություն է տալիս օրենսդրությամբ կարգավորել եկեղեցու և պետության հարաբերությունները։ Փաշինյանի խոսքով՝ օրենսդրությամբ կարող է նախատեսվել, որ հավատացյալ համայնքը եկեղեցու կառավարմանը մասնակցելու իրական հնարավորություններ ունենա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ