![]()
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 1973 թվականին ծնված տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նշենք, որ խոսքը «օրենքով գող» Մասիվցի Անդիկի մասին է: ՀՀ ՔՆնչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 23:10-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է բերվել 1973 թվականին ծնված Անդրանիկ Հ.-ի դիակը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 1973 թվականին ծնված տղամարդը հրազենային վնասվածք է ստացել Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում:
Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են պարկուճներ, 1 փամփուշտ, արնանման հետքեր, վերցվել նմուշներ: Դեպքի վայրից հայտնաբերվել է սպորտային պայուսակ, պլաստմասե շիշ, ֆիքսվել է տեսանկարահանող սարքերի առկայությունը:
Երեկ գիշեր Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ էին հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշված շենքի բակում հայտնաբերել էր «օրենքով գող» Անդիկի դին:
ԼՈՒՐԵՐ.com-ը հրապարակում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել.
![]()