![]()
«Հայկական խորհրդի» փորձագետ Սամվել Մելիքսեթյանը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հավանաբար, զղջում է Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ իր արած հայտարարության համար, քանի որ ըստ Մելիքսեթյանի՝ Հայաստանից նման արձագանք չէին սպասում:
«Ռուսաստանը փորձեց վա բանկ գնալ, մտածում էին՝ հայ ժողովուրդը, վախենալով թուրքերից, կասի՝ պետք չէ, բազան մի հանեք»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա:
Փորձագետի խոսքով՝ «ռուսները մտածում են, որ իրենք եթե չլինեն, թուրքերը մեզ կուտեն». «ՌԴ-ին պետք է ուշքի բերել: Իրականում Հայաստանի համար ռուսական ռազմաբազան գլխացավանք է դարձել»:
Մելիքսեթյանը այն համոզմանն է, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ որևէ ռազմական նպատակներ չունի, սակայն եթե նման բան լինի, ռուս սահմանապահները հայ ժողովրդին չեն պաշտպանելու:
«Ռուսական դրոշը անվտանգության առումով մեզ համար ավելի շատ խնդիրներ է ստեղծում»,- ասում է Մելիքսեթյանը:
Միաժամանակ նա տեսակետ է հայտնում, որ ՌԴ-ն ուզում է՝ հայ-թուրքական սահմանը մնա փակ, որպեսզի չկորցնի իր ազդեցությունը Հարավային Կովկասում:
Սամվել Մելիքսեթյանը խոսել է նաև այլ թեմաների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:
![]()