ՀՀ-ն «գիքորացնելու» ձեր քաղաքականությունը չի ստացվելու, ձախողելու եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

«Մոտ 150 տարի առաջ հայ լրագրության ականավոր դեմքերից մեկը՝ Գրիգոր Արծրունին, նկարագրելու համար իր ժամանակների քաղաքական էլիտայի տրամաբանությունը, այդ թվում՝ դաշնակցական տրամաբանությունը, մի հետաքրքիր ձևակերպում է արել, ասել է՝ մենք՝ հայերս, քաղաքականապես ռուս ենք»:

Այս մասին Ազգային ժողովում ելույթ ունենալիս ասել է ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը:

«Գրիգոր Արծրունուց 150 տարի հետո, ցավոք սրտի, Հայաստանի ընդդիմադիր էլիտան քաղաքականապես շարունակում է մնալ ռուս:

Սիրելի՛ հայրենակիցներ, ի արձագանք իմ այս արտահայտության՝ պարոն Ֆարմանյանն ասում է՝ կարևորը չլինես թուրք, և հիմա գալիս է իմ ելույթի հաջորդ կետը, որը ես նշել էի, ոնց որ ճակատագիր լիներ։

Սրանից 37 տարի առաջ Ռաֆայել Իշխանյանը գրել է շատ հիմնարար մի հոդված, որը կոչվում է երրորդ ուժի բացառման օրենքը։ Ռաֆայել Իշխանյանը, պարո՛ն Ֆարմանյան, լսեք ուշադիր, այդ հոդվածի մեջ ասում է՝ մեր՝ հայերիս, հայրենասիրությունը նշանակում է ռուսասիրություն և թուրքատյացություն, հասկանո՞ւմ եք:

Եվ ի՞նչ է ստացվում, որ Գրիգոր Արծրունուց 150 տարի անց Լուկաշենկոն և Սամվել Կարապետյանը, Նարեկ Կարապետյանն ասում են՝ դուք գնալու տեղ չունեք, դուք հիշեք, որ քաղաքականապես ռուս եք, որ ձեր շահերի կենտրոնը Ռուսաստանն է, ոչ թե Հայաստանը, դուք ինքնիշխան չեք, դուք տեր ունեք, մոռացե՞լ եք՝ ձեր տերը ով է։

Իսկ Ռաֆայել Իշխանյանից 37 տարի անց Նարեկ Կարապետյանը, Լևոն Քոչարյանը և պարոն Ֆարմանյանը հաստատում են Իշխանյանի այն պնդումը, որ փաստորեն հայրենասիրություն նշանակում է ռուսասիրություն և թուրքատյացություն։ Եվ ոչինչ, որ Հայաստանի Հանրապետության շահերի կենտրոնը Հայաստանն է, որ Հայաստանն ինքնիշխան է, ինքն է իր իշխանը:

Հայաստանը «գիքորացնելու» ձեր քաղաքականությունը, պարո՛ն Կարապետյան և գործընկերնե՛ր, չի ստացվելու, ձախողվելու է»,- ասել է Հայկ Կոնջորյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ