Ինչպես է գործելու պաշտոնյաների աշխատավարձերի լրավճարման նոր համակարգը. փոխվարչապետը մանրամասնել է

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է պաշտոնյաների վարձատրության լրավճարման նոր համակարգի մասին:

Փոխվարչապետը, խոսելով պաշտոնյաների ու հանրային ծառայողների աշխատավարձերի փոփոխության նախապատմությունից, նշել է, որ վերջին շրջանում պետական աշխատողների աշխատավարձերը մասնավոր հատվածից զգալիորեն ցածր էին:

«Դա պահանջում էր պայմաններ ստեղծել ու պետական համակարգ ներգրավել որակյալ մասնագետների: Ուսումնասիրեցինք աշխարհի փորձը, որոշեցինք խրախուսման պիլոտային համակարգ ներդնել, որը թույլ կտար գնահատել աշխատողների անելիքն ու չափելի արդյունքները: Այս համակարգի հիմքում բուն աշխատավարձն է ու լրավճարը՝ ըստ գրանցած հաջողության»:

Խոսելով համակարգի հահակոռուպցիոն նշանակությունից՝ վարչապետի տեղակալը հստակեցրել է, որ իր գործն ու պարտականությունն անելու համար պաշտոնյան պետք է ապավինի ոչ թե նվերների, այլ՝ պետական աշխատավարձի:

«Սա ժամանակի ընթացքում նաև մտածողության փոփոխություն է պահանջելու․ խոսքը տասնյակ հազարավոր մարդկանց մասին է»,- ասել է նա:

Խաչատրյանի պարզաբանմամբ՝ գումարային ֆոնդը հատկացվելու է տվյալ գերատեսչությանը, որն էլ այն կբաշխի աշխատողների միջև․ «Առաջ, գլխացավանքից հեռու, այդ գումարը հավասարաչափ էր բաշխվում աշխատակիցների միջև, ու լավ աշխատողի մոտ անարդարության զգացում ու մոտիվացիայի կորուստ էր առաջանում: Դրա համար ենք ներդնելու անհատական աշխատանքի կարգավորման մեխանիզմը: Գերատեսչության ղեկավարը պետք է ըստ այդմ պարզաբանի՝ ինչու է այս աշխատողին այսքան վարձատրել, մյուսին՝ այնքան»:

Հարցին՝ ինչպես է չափվելու պատգամավորի աշխատանքի արդյունավետությունը, փոխվարչապետն արձագանքել է, որ այդ դեպքում գործելու են այլ կարգավորումներ:

«Դա չենք կարող անել․ ուրիշ կարգավորում ենք կիրառելու, գործադիրի հաջողությունները տարածվելու են նաև օրենսդրի վրա»,- հայտնել է նա:

Խաչատրյանը կարևորել է ընդդիմադիր պատգամավորների թիրախային հարցադրումները, առանց որոնց, ըստ նրա, անհնար կլինի Կառավարության աշխատանքի բարելավումը:

Հարցին՝ վտանգ չկա՞, որ գերատեսչությունները, սովետական շրջանի «հնգամյակը 2 տարում» ֆորմատի կեղծ ցուցանիշներ կներկայացնեն, պաշտոնյան պատասխանել է․ «Կարող է նման գայթակղություն լինել, բայց չափելիության աստիճանի բարձր սահմանման դեպքում դա անհնար կդառնա»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ