![]()
Հայաստանում սովորելու ամոթ է եղել, որովհետև Հայաստանում իշխող էլիտաներին պետք է եղել, որ հնարավորինս շատ տգետներ լինեին երկրում, որպեսզի հնարավորինս հեշտ կառավարեին՝ քրեական ենթամշակույթի միջոցով: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Քրեական ենթամշակույթի միջոցով հատկապես տղաների շրջանում, սովորելը դարձել է ամոթ: Հիմա տղաները Հայաստանում դրա համար կորցնում են իրենց դիրքերը, որովհետև քրեական ենթամշակույթի ազդեցության ներքո են գտնվում»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը նաև հարց բարձրացրեց, թե ինչու հետազոտություն չի արվել, որ Հայաստանում երկար ժամանակ սովորելու ամոթ է գոյություն ունեցել:
«Երեխաներից սկսած սա գոյություն է ունեցել, որովհետև, եթե դու սովորում ես, ուրեմն չգիտես, իսկ եթե չգիտես՝ ուրեմն տգետ ես, իսկ տգետ լինելը ամոթ է, դրա համար պետք կանգնել ծառի տակ այնպես, որ դու ամեն ինչ գիտես»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը նաև նշեց, որ Հայաստանում չսովորող պաշտոնյա չպետք է լինի, իսկ եթե լինի՝ պետք է նման մարդը ազատվի աշխատանքից:
«Օրինակ՝ ես հիմա հարվածային գործիքների օնլայն դասընթացների եմ մասնակցում, որի համար վճարում եմ: Դա էլ է հմտություն և ես բացարձակ դեմ չեմ լինի, եթե Կառավարության բոլոր անդամները որևէ գործիքի վրա նվագեն: Գիտեք դա հոգեբանական բան է փոխում հարգելի գործընկերներ: Մենք պետք է ստեղծենք այն համակարգը, որ մենք մեր վրա աշխատենք»,-ասաց Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ սովորել առաջին հերթին նշանակում է ազատվել հայրենասիրության, արժեքների և նման որոշ նարատիվների կեղծիքից:
![]()